Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի կարելի այս ամբիոնից հայտարարել՝ «բացառում ենք ատելության խոսքը» ու 24 ժամ հետո մեզ մեղադրել ոչ հայամետ գործունեության մեջ․ Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում դիմելով ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանին, ասաց, որ չի կարելի գալ այս ամբիոնից հայտարարել, որ բացառում ենք ատելության խոսքը ու 24 ժամ անց գալ եւ մեղադրել ոչ հայամետ գործունեության մեջ։

«Երեկ Ձեր խմբակցության ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, այս ամբիոնից հայտարարեց, որ Դուք նախաձեռնել եք մի հուշագիր, որը իրենից ենթադրում է ատելության խոսքի բացառում քաղաքական ուժերի կողմից։ Մեր խմբակցությունը ողջունեց այդ նախաձեռնությունը», - ասաց պատգամավորը։

Դիմելով Տարոն Սիմոնյանին, Ալեքսանյանն ասաց․ «Այսօր այս ամբիոնից մեզ եկաք եւ մեզ մեղադրեցիք մինչեւ այսօր առավոտ ոչ հայամետ գործունեություն ծավալելու մեջ. իհարկե Ձեր միտքը այդպիսին չէր, բայց ենթատեքստը բնականաբար դա էր։ Ես Ձեր խմբակցությանը հիմա կխնդրեմ ինչ-որ քննարկման ֆորմատ որոշել, քննարկել եւ որոշման մասին մեզ տեղյակ պահել։ Չի կարելի գալ այս ամբիոնից հայտարարել, որ բացառում ենք ատելության խոսքը ու 24 ժամ անց գալ եւ մեղադրել ոչ հայամետ գործունեության մեջ»։

Հիշեցենք, որ Տարոն Սիմոնյանն այսօր ուրախացել էր ու զարմացել այն փաստից, որ իշխանական պատգամավորները դատապարտել էին Շուշիի մայր տաճարի հանդեպ ադրբեջանական բարբարոսությունը։