Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց, նրանք չէին ներկայացել դատարան

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց, նրանք չէին ներկայացել դատարան
Քաղաքականություն
14:17, 04 май 2021
Այսօր՝ մայիսի 4-ին Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նշանակված էր ամբաստանյալներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ դատական նիստը։ Նշենք, որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ։

Նիստին ներկա չէր Արմեն Գևորգյանը, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ դատական նիստը հետաձգելու համար։ Պաշտպանի խոսքով Արմեն Գևորգյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և միջնորդությանը կից ներկյացրել էր ստացիոնար բուժում ստանալու մասին տեղեկանքը։ 

Ռոբերտ Քոչարյանը ևս նիստին ներկա չէր։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ հաշվի առնելով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի բացակայությունը և այն փաստը, որ ամբաստանյալի բացակայությամբ պայմանավորված հետաձգվելու է դատական նիստը, ինքը դիմել է դատավորի աշխատակազմին՝ ճշտելու արդյոք պարտադիր է այդ պարագայում Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը, սակայն դրական պատասխան չի ստացել․ «Նախագահ Քոչարյանին առաջարկեցի, որ այս նիստին տեխնիկական իմաստով չներկայանա նաև հարցրեցի կազմից և հակառակի մասին պարտադիր պահանջ չստացա։ Նախագահ Քոչարյանն իր նախաձեռնությամբ տեղեկացրեց, որ եթե դատարանը, դատավարության մասնակիցները բոլոր դեպքերում գտնեն իր ներկայությունը պարտադիր՝ ապա ինքը կգա։ Կխնդրեմ տասը րոպե ընդմիջում անել և մենք ամեն ինչ կկազմակերպենք»։ 

Դատավորը հետաքրքրվեց, թե ինչ են պատասխանել Արամ Վարդևանյանին իր աշխատակազմից, ինչին ի պատասխան պաշտպանը նշեց, որ դատարանի կողմից նշված հարցի վերաբերյալ հղում են արել ամբաստանյալի  իրավունքներին ու պարտականություններին։ 

Մեղադրող դատախազն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի բացակայությանը՝ նշեց, որ իր համար բացատրված չէ, թե ինչու Քոչարյանը ներկա չէ նիստին, որովհետև ամբաստանյալի դատական նիստին ներկայանալը պարտադիր է օրենքով․ «Մեզ համար պարզ չէ, թե ով է համաձայնություն տվել բացակայության վերաբերյալ, կամ տրվել է նման համաձայնություն, թե ոչ։ Մենք էլ ենք ստացել Էրիկ Ալեքսանյանի դիմումը, որ իր պաշտպանյալը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և կարող էինք նույն պատճառաբանությամբ չներկայանալ՝ հաշվի առնելով, որ դատական նիստ տեղի չի ունենա, քանի որ ամբաստանայալը բացակայում է»։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց հետաձգել նիստը, այն նշանակվեց մայիսի 11-ին։