Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան իշխանական պատգամավորների եւ գործադիրի անդամների հայտարարություններ, որոնք օգտագործվում են մեր հակառակորդի կողմից․ Տարոն Սիմոնյան

Կան իշխանական պատգամավորների եւ գործադիրի անդամների հայտարարություններ, որոնք օգտագործվում են մեր հակառակորդի կողմից․ Տարոն Սիմոնյան
Քաղաքականություն
14:35, 04 май 2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությունը, թե ուրախալի է, որ իմ քայլականները վերադարձել են հայամետ քաղաքականության՝ առաջացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրդովմունքը։ Պատգամավորները իրենց խոսքում նշում էին, որ Տարոն Սիմոնյանի խոսքը ենթատեքստ ուներ, որով Սիմոնյանը «Իմ քայլը» խմբակցությանը ոչ հայամետ քաղաքականություն վարելու մեջ է մեղադրում։

Արձագանքելով  ելույթներին՝ Տարոն Սիմոնյանը ասաց, որ դեմ է, երբ ԱԺ ամբիոնն օգտագործվում է անձնական խոսակցությունների համար։

«Խնդրում եմ, որ այստեղ անձերին վերաբերող հայտարարություններում զգուշավորություն ցուցաբերել, քանի որ դա կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ առաջացնել և՛ կարծիքներ հնչեցնողների, և՛ թե այն մարդկանց համար, ում ուղղված է այդ խոսքը։ Իսկ ինչո՞ւ ես այդ հայտարարությունն արեցի։ Կան իշխանական պատգամավորների, ինչպես նաև գործադիրի անդամների հայտարարություններ, որոնք օգտագործվում են մեր հակառակորդի կողմից իրավական գործընթացներում Հայաստանի դեմ», - ասաց նա։

Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց «Իմ քայլը» պատգամավորներին․ «Ինչպե՞ս կարձագանքեք, եթե մենք ձախողենք որոշ իրավական գործընթացներ հենց ձեր որոշ գործընկերների հայտարարությունների պատճառով։ Դուք ինքներդ կարո՞ղ եք դրան արդարացում գտնել, ես չեմ կարող։ Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ այս միջադեպը ևս կարևոր առիթ  է, որ ձեր գործընկերները հասկանան, որ իրենց հայտարարությունները իրավական գործընթացներում օգտագործվում են ՀՀ-ի դեմ։ Եթե դուք սա հայամետ քաղաքականության արդյունք եք համարում, ես չեմ կարող»։