Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դուռը բաց թողած Սերժ Սարգսյանի թիմակիցները միացել են «ֆուտբոլային դիվանագիտության» տապալմանը նպաստած ՀՅԴ-ին և բոլորով փորձում են տապալել ընթացիկ գործընթացը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դուռը բաց թողած Սերժ Սարգսյանի թիմակիցները միացել են «ֆուտբոլային դիվանագիտության» տապալմանը նպաստած ՀՅԴ-ին և բոլորով փորձում են տապալել ընթացիկ գործընթացը
Քաղաքականություն
18:43, 16 февраль 2023
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և այդ երկրին  Հայաստանի իշխանությունների մեկնած  օգնության ձեռքը  հայրենի  ընդդիմության մոտ  ի հայտ է բերել  հերթական  «հակաթուրքական սրացումները»։ Թերևս պետք է փաստել, որ ոչինչ այդքան չի խթանում  ընդդիմության միտքն ու վարքը, որքան թուրքական թեմատիկան, հատկապես, եթե այն հակասում է հայ ավանդական  քաղաքական մտքի  «հակաթուրքական աքսիոմատիկային»։ Այն է՝ «թուրքը մեր թշնամին է», «թուրքը մնում է թուրք», «հայի համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է», «ոչ թրքացմանը» և այլն։ Ի դեպ, մեկ տարի առաջ այս օրերին էլ ՀՀ խորհրդարանն էր երկրաշարժի էպիկենտրոն դարձել, և ցնցվում էր  հայրենի ընդդիմությունը հակաթուրքական հերթական նոպայից։ Խորհրդարանական ցնցումներին այնուհետ հաջորդեցին հետցնցումները՝ դրսևորվելով հակաթուրքական ուղերձ պարունակող  տխրահռչակ «դիմադրության շարժման» տեսքով։    

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բարդ ու բազմաշերտ գործընթացն անխոս  ենթադրում է լայն աջակցություն՝ ինչպես արտաքին ուժերի, այնպես էլ կարգավորման գործընթացի սուբյեկտ երկրների հասարակությունների և քաղաքական դերակատարների կողմից։ Չթերագնահատելով առաջին՝ արտաքին աջակցության ազդեցիկ գործոնը՝ կենտրոնանանք ներքինի վրա՝ հասկանալու համար, թե արդյոք գործընթացը (նախկինում և այժմ) հավանություն  գտե՞լ է, աջակցության արժանացե՞լ է քաղաքական առանցքային ուժերի կողմից։  Միանշանակ՝ ոչ, ինչպես որ հայ-թուրքական կարգավորման «ֆուտբոլային դիվանագիտության» շրջափուլում էր։ Գործընթացը սկսած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այդ ժամանակ «աջակցում» էին հակաթուրքական կոմպլեքսն այդպես էլ հաղթահարել չկարողացող ՀՅԴ-ն՝ նախ՝ կոալիցիայից դուրս գալով, ապաև՝ աշխարհով մեկ  սփռված իր կազմակերպությունների միջոցով, ընդդեմ հայ-թուրքական արձանագրություննների ահեղացունց ակցիաներ անելով և, ինչպես ընդունված է ասել, ռեսպուբլիկան և դրա նախագահին խայտառակ անելով։ Կարկառուն ՀՅԴ-ականներից մեկը՝ Գեղամ Մանուկյանը, մեկ տարի առաջ մոտավորապես  այս օրերին Հ1-ի եթերում  խիզախություն  ունեցավ հայտարարելու, որ, այո՛, ժամանակին իրենք ամեն ինչ արել են, որ  Սերժ Սարգսյանի նախաձեռնած կարգավորման գործընթացը տապալվի։ Հընթացս մի հռետորական  հարցադրում անենք՝ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված լինեին, գուցե 44-օրյա պատերազմի ժամանակ  հայ զինվորները չզոհվեի՞ն թուրքական Բայրաքթարների հարվածներից, և Թուրքիան այդ պատերազմում որպես կողմ ներգրավվելու փոխարեն ա՞յլ դերակատարում ստանձնած լիներ։ 

Ընթացող հայ-թուրքական կարգավորման գործընթացը նույնպես արժանանում է ագրեսիվ վերաբերմունքի, դրա տապալմանը նպաստելու (հայտարարությունների և ակցիաների տեսքով) վարքագծի ականատեսն ենք նաև այս օրերին, հատկապես Թուրքիայի  երկրաշարժից հետո ՀՀ-ի ցուցաբերած դիրքորոշումից հետո։ Նրանք, ում նախկինում խանգարում էին գլուխ բերել կարգավորման գործընթացը,  համալրել են իրենց խանգարածների շարքերն ու այժմ միասին են փորձում խանգարել ընթացիկ պրոցեսը՝ դրան տալով ամենատարբեր որակումներ և բնորոշումներ՝ թրենդից՝ «Ցեղասպանության ուրացման» գործընթացից մինչև «սեյսմիկ դիվանագիտություն»։ Այս նորահայտ պիտակի հեղինակ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն, օրինակ, հետ չմնալով «հակաթուրքական թրենդից»՝ «սեյսմիկ դիվանագիտության փլատակները» վերնագրի ներքո շարադրել է իր մտքի արգասիքներն ու գուժել ՀՀ-ի, Արցախի և հայկական շահի՝ «փլատակների տակ»  մնալու մասին։ Թերևս պետք է հուշել պարոն Աշոտյանին, որ իր մոգոնած տերմինը իր կուսղեկի նախաձեռնած «ֆուտբոլային  դիվանագիտության» ախտորոշումն է, դիվանագիտություն, որը, փաստորեն, բավականաչափ սեյսմակայուն չէր և, չկարողանալով ճկունություն ցուցաբերել, ի վերջո փուլ եկավ։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկելով դրանք չստորագրող Թուրքիային՝ Սերժ Սարգսյանը գործընթացի փլատակներից փորձեց դուրս գալ միայն իր պաշտոնավարման ավարտին՝ նախ ԱԺ-ից հետ կանչեց, ապա և հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին: «Հիշում եք, որ բոլորիդ համաձայնությամբ, երբ ես նախաձեռնեցի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով և համերաշխ ապագա կերտելու տեսլականով: Հայաստանն արեց հնարավորը մեր Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար: Մեր ցանկությունն այդ էր, որպեսզի այդ բեռը մենք կրենք, ավարտենք գործընթացը և չթողնենք նրանց ուսերին»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը՝ հավելելով. «Հայաստանը, նախաձեռնելով այս գործընթացը, գիտակցում էր, որ այն միանշանակ չի ընդունվելու իր հասարակության բոլոր անդամների ու հատկապես Սփյուռքի հայրենակիցների կողմից, որոնք Ցեղասպանություն վերապրածների սերունդներ են, այդուհանդերձ, գնաց այդ քայլին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը»: «Մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելը, այնուհետև այդ հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- նշել էր նախկին նախագահը և  բաց թողել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնալու դուռը՝ «մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»։ 

Այն, ինչ անում է ՀՀ-ն, հարաբերությունների կարգավորման առաջարկի քննարկում է, մի բան, որին պատրաստ էր նույն Սերժ Սարգսյանը և այդ մասին հայտարարում էր «ֆուտբոլային դիվանագիտության» ֆիասկոն արձանագրելու «վերջին շնչում»։ Իսկ ինչպե՞ս է արձագանքում ընդդիմությունը ՀՀ-ի կողմից ներկայումս ձեռնարկվող կարգավորման քայլերին։ Այսպես՝ այն, ինչ չի հաջողվել անել նախորդ իշխանությանը, չպետք է հաջողվի անել նաև գործող իշխանությանը, և ամեն ինչ պետք է անել անհաջողությանը նպաստելու համար։  Փույթ չէ, որ կարգավորման երկրորդ փորձի տապալումից կարող է լրջագույնս  տուժել կամ, ինչպես Աշոտյանն է ասում ՝ «փլատակների տակ մնալ» «հայկական շահը»։  

Այժմ արձանագրենք, թե ինչ արդյունքներ  են գրանցվել  հայ-թուրքական կարգավորման ներկա գործընթացի շրջանակներում, գործընթաց, որը մեկնարկելէ 2021-ի վերջին։ 

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ։ Համապատասխանաբար՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին։ (Երեկ  Թուրքիա մեկնած  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Հայ պաշտոնյաները հանդիպել են իրենց թուրք գործընկերներին)։ 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում 2022թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Թուրքական կողմի հրավերով 2022թ. մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել է ԹՀ ԱԳ նախարարի հետ:

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում սկսել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: 2023թ. հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները։

Հավելենք նաև, որ 2022թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի է ունեցել երկու երկրների միջգերատեսչական մասնագիտական խմբերի երկու հանդիպում։

Ելենա Ազատյան