Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հերոսական կերպար կերտած վոյինը գնում միջնորդների մոտ տարածքները հանձնելու հանձնառություն էր վերցնում, գալիս՝ հերոսական կերպար ընդունում»․ Արման Բաբաջանյան․ Տեսանյութ

Այսօր, ԱԺ հերթական նիստի հայտարարության ժամին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը նշեց, որ Ալիևը ցավոք յուրացնում է իր գրավածը, իսկ մենք, ըստ էության, 25 տարի սպասել ենք այս օրվան։ «Ընդհուպ մինչև 1998 թվին, գալով իշխանության, մարդը դադարեցնում էր Լաչինի բնակեցման պետական ծրագիրը, իսկ 2004 թվականին, այսօրվա պես հիշում եմ, որ գլուխ էինք գովում, որ ԵԱՀԿ մոնիթորինգը ազատագրված տարածքներում վերաբնակեցման փաստ չի արձանագրել։ Իհարկե այդ տարածքները դառնում էին մասնավոր անձանց հարստացման աղբյուր։ Տարիներ ի վեր սեփական ժողովրդի մոտ այսպես հերոսական կերպար կերտած վոյինը գնում միջնորդների մոտ տարածքները հանձնելու մասին խելոք հանձնառություններ էր վերցնում, գալիս՝ սեփական ժողովրդի մոտ հերոսական կերպար էր ընդունում, հողերը հանձնելու մասին մերժողական հայտարարություններ անում այն դեպքում, երբ սույն մարդը մինչև իսկ Հայաստանի սուվերեն տարածքը Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիր է քննարկել և չի մերժել միջնորդների առաջարկածներից գեթ մեկը, հույս ունենալով, որ բոլոր առաջարկները մերժվելու են Ադրբեջանի կողմից», - ակնարկելով Երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա վարած քաղաքականությանը, ասաց Արման Բաբաջանյանը։

Բաբաջանյանը նշեց, որ մենք դեռ 1994 թվականի մայիսի 12-ից սկսած պետք է զբաղվեինք այդ տարածքների նկատմամբ կոնկրետ ծրագրերի մշակմամբ, զուգահեռաբար պետք է բանակը արդիականացվեր և ամեն օր պետք է սպասեինք պատերազմի, որը մենք չենք արել։

«Այս իրավիճակը մեկ օրում չի ստեղծվել։ 25 տարվա ընթացքում արցախյան հիմնահարցը մշտապես ցնցել է մեր ներքաղաքական կյանքը՝ 1998 թվականի հեղաշրջումը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, դրան հաջորդած բոլոր ներքաղաքական իրադարձությունները այս կամ այն կերպ առնչվել են արցախյան հիմնահարցին», - ասաց Բաբաջանյանը և հավելեց, որ այսօր ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարում են, որ անհապաղ պետք է սկսել քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մինչդեռ կա Ռուսաստան, Թուրքիա և Ադրբեջան, որոնք պատրաստ չեն և չեն ծրագրում այս պահին քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Հիմա շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում այս ամենից և որտե՞ղ ենք տեսնում համընթաց և հակընթաց քամին։ Ըստ այդմ պետք է հենց այդտեղից սկսած մեր առաջնահերթությունները կառուցենք։ Ինչ վերաբերում է Ղազանչեցոցին և ստեղծված իրավիճակին, ռուս խաղաղապահները, ըստ էության, կանգնած են Ստեփանակերտի և Շուշիի արանքում և այն ինչ տեղի է ունենում Շուշիում տեղի է ունենում ռուսների աչքի առջև և կարծում եմ, որևէ բան չէր խանգարի, որպեսզի որևէ կերպ միջամտեին ռուսները և թույլ չտային, որ քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը խոսում էր որպես պաշտպանության առարկա հանդիսացող ժառանգություն, կարողանայինք փրկել տաճարի գմբեթը, այն պարագայում, երբ Ադրբեջանը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին թույլ չի տալիս մուտք գործել օկուպացված տարածքներ։ Եվ այս պայմաններում վերջերս համացանցում ռուսների կողմից տարածվեց ռուս-հայակական բարեկամությունը գովերգող մի երգ, բայց մեզ երեգեր չեն պետք, այլ մեզ իսկապես ռազմավարական դաշնակցի գործելաոճ է պետք, մեզ պետք է իսկապես անվտանգության շուրջ խոսակցություն։ Երգերը կսպասեն։ Մեզ պետք է կենտրոնանալ մեր էկզիստենցիալ առաջնահերթությունների վրա», - եզրափակեց Արման Բաբաջանյանը։