Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն եւ «Հայրենիք»-ը առաջարկում են հուշագրով միասնաբար «ատել» միայն իշխանությանն ու Փաշինյանին․ «Բումերանգի էֆեկտը չի ուշանա»

ՀՀԿ-ն եւ «Հայրենիք»-ը առաջարկում են հուշագրով միասնաբար «ատել» միայն իշխանությանն ու Փաշինյանին․ «Բումերանգի էֆեկտը չի ուշանա»
Քաղաքականություն
18:58, 04 май 2021
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցությունը երեկ հայտարարեց, որ մշակել են հայտարարության տեքստ, որին միանալով քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չեն օգտագործելու։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՀՅԴ-ն կմիանա՞  ԼՀԿ-ի առաջարկին, ասաց․

«Ազգային ժողովի խեղկատակությանը չենք հետեւել, որպեսզի լսենք, թե Էդմոն Մարուքյանը ինչ է հայտարարել։ Նա պետք է պաշտոնապես դիմի կուսակցություններին, որպեսզի դիրքորոշումներ լսի, եւ այդ ժամանակ կլինի պաշտոնական պատասխան»։

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են ատելության խոսք․ «Որից հետո հայտարարում են, թե պատրաստ են քննարկել ատելության խոսքը բացառող հայտարարության ընդունումը»։

Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ՀՀԿ-ի հետ պատրաստվում են ընդդիմությանը առաջարկել, որ քարոզարշավի ընթացքում հստակ թիրախ լինի իշխանությունը։

«Ինչպես նաեւ առաջարկելու ենք, որ ընդդիմության միջեւ լինի հուշագիր, որով ուժերը չեն մրցակցի հռետորաբանության առումով, իրարից 1-2% ձայն տանելու խաթր։ Այսինքն՝ միասնական ընդդիմության դաշտում գործելու որևէ հուշագիր ստորագրել այն ուժերի հետ, որոնք հստակ թիրախ են դիտարկում Նիկոլ Փաշինյանին, ում պետք է հեռացնել իշխանությունից», - ասաց Հակոբյանը, եւ պատասխանելով հարցին՝ այնուամենայնիվ չեն պատրաստվու՞մ բացառել ատելության խոսքը, ասաց, որ «դա նույնը կլինի, ինչ ֆաշիստների խաղաղության մասին ինչ-որ բան պայմանավորվելը»։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ասաց, որ ԼՀԿ-ի առաջարկը ողջունել են․ «Մենք ԼՀԿ-ի առաջարկը ողջունել ենք, այո՛, ՔՊ-ն և՛ հիմա, և՛ միշտ կողմ է եղել և մնում ատելության խոսքը քաղաքական ասպարեզից հեռացնելուն»։ 

Մեկնաբանելով ՀՀԿ-ի եւ «Հայրենիքի» առաջարկը, նա ասաց․  «ՔՊ-ական բոլոր պաշտոնյաները, նրանց ընտանիքների անդամները ամենօրյա, ամենժամյա թիրախավորման տակ են թե՛ Ձեր նշած ուժերին սպասարկող լրատվականների էջերում, թե՛ սոցցանցերում»։ 

Պատգամավորի խոսքով՝ թիրախավորմամբ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են հանրային վատ ընկալման իմիտացիա ստեղծել․ «Բայց մեր ժողովուրդը երբեք հիմար չի եղել ու չի լինի, իրենց սարքած ու շպրտած ցեխը բումերանգի էֆեկտով իրենց իսկ գլխին է լցվելու։ Այս ընտրությունները ցույց կտան, թե ինչքան տկար ու անմիտ են նրանց այդ փորձերը, ժողովուրդը իր գնահատականը բոլորին էլ կտա», - հավելեց նա։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանը նշեց, որ կուսակցությունում կոնկրետ ԼՀԿ-ի առաջարկը չեն քննարկել։ Խոսելով քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու մասին, նա ասաց․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը իր ստեղծումից  ի վեր որպես իր հավատամք նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանն է միտված եղել։ Այսինքն՝ այնպիսի քաղաքական մշակույթ, որտեղ կբախվեն գաղափարները՝ առանց հայհոյանքների եւ վիրավորանքների»։

Խալաթյանը ընդգծեց, որ ցանկացած հայհոյանքի, ֆեյք լրատվության օգտագործումը նախկին քաղաքական համակարգից ժառանգված արատավոր երեւույթներ են եւ իրենք ի սկզբանե դա մերժում են։ «Պետք չէ փաստաթղթով ամրագրել, որպեսզի պարզ լինի, որ որեւէ մեկի ընտանիքին, երեխաներին կամ պետական ինստիտուտներին վիրավորելը, հայհոյելը հակաբարոյական է», - հավելեց նա։

Գեղամ Ադյան