Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կթողնի պաշտոնը․ վստահեցնում է հեռանում է առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կթողնի պաշտոնը․ վստահեցնում է հեռանում է առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի
Քաղաքականություն
22:33, 17 февраль 2023
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կթողնի պաշտոնը։
«Եթե ընդամենը երեք ամիս առաջ հարցնեիք, կասեի՝ ոչ։ Բայց այսօր այդ տեղեկությունը մոտ է իրականությանը։ Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023 թվականի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի։ Գումարվեց նաև այն հանգամանքը, որ անձնական գործերիս բերումով այս և, ըստ ամենայնի, նաև գալիք տարվա մեծ մասն անցկացնելու եմ Հայաստանից դուրս, ինչի պատճառով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարտականությունները կարողանալու եմ կատարել հիմնականում հեռավար կարգով։ Ի վերջո, բոլոր այս հանգամանքները ստիպեցին ինձ բարդ որոշում կայացնել։ Նախագահ Քոչարյանի հետ տարվա սկզբին քննարկեցինք իրավիճակը ու պայմանավորվեցինք, որ մարտ ամսին կթողնեմ իր գրասենյակի ղեկավարի պաշտոնը»,- News.am-ին տված հարցազրույցում ասել է նա։ 


Սողոմոնյանը վստահեցրել է՝ Քոչարյանի գրասենյակից հեռանում է առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի։

«Ուրախ եմ արձանագրել, որ նախագահ Քոչարյանի հետ 18 տարիների համատեղ աշխատանքը, որ շատ հաճախ ընթացել է կոշտ քաղաքական պայքարի պայմաններում, լինեինք իշխանություն, թե ընդդիմություն, մեր հարաբերություններն անդառնալի բարեկամականի է վերածել ու վեր կանգնեցրել բոլոր տեսակի պայմանականություններից։ Սա պատիվ եմ համարում»,- հավելել է Վիկտոր Սողոմոնյանը։