Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե վարկաբեկված ՀՀԿ-ականները մտան ցուցակ, ժողովուրդը նրանց ձայն չի տա. ՀՀԿ-ի հույսը փողատերերն են

Եթե վարկաբեկված ՀՀԿ-ականները մտան ցուցակ, ժողովուրդը նրանց ձայն չի տա. ՀՀԿ-ի հույսը փողատերերն են
Քաղաքականություն
20:45, 04 май 2021
Civic.am-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

-Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ որոշեց մասնակցել ընտրություններին՝ անկախ այն բանից, որ տևական ժամանակ մերժում էին այս իշխանությունների կողմից կազմակերպվելիք ընտրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս  փաստը, նաև՝ ՀՀԿ-ի շանսերը։

-Ամեն ինչ  կախված է նրանից, թե այդ դաշինքի ցուցակում որ հանրապետականները կլինեն։ Հանրապետականները բոլորը չէ, որ վարկաբեկված են, ներքին օղակներում կարգին մարդիկ կային, կան, որոնք ՀՀԿ-ի վարած քաղաքականությունից դժգոհ էին։ Հիմա նայած թե ով կլինի ցուցակում։ Դրանից հետո նոր հնարավոր կլինի կարծիք հայտնել։ Ինձ հասած ինֆորմացիայով՝ ՀՀԿ-ի որոշ վարկաբեկված դեմքեր կարող է ցուցակում լինեն, որոշները՝ ոչ։ 

-Ուզում եք ասել՝ վարկաբեկված ՀՀԿ-ականների տեղ գտնելը ցուցակում կխանգարի՞ ՀՀԿ-ին։

-Վարկաբեկվածների տեղ գտնելը այդ դաշինքի ցուցակում կխանգարի նախ Վանեցյանին։ Նա նոր սերունդ է, անցածի բեռ չի կրում, կամ բեռը քիչ է, իսկ որոշ ՀՀԿ-ականներ կփորձեն մաքրվել Վանեցյանով։ 

-Բայց նույն Վանեցյանը ժամանակին, երբ ԱԱԾ տնօրեն էր հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը 50/50 է արել բիզնեսները,  ՀՀԿ-ականների ունեցվածքն էր քննում, քրեական գործեր հարուցվեցին ՀՀԿ-ականների նկատմամբ։

-Սերժ Սարգսյանի եղբայրը չէ Հանրապետականը։ Հանրապետականը հարյուրավոր, հազարավոր մարդիկ ունի ներքին օղակներում, որոնք նորմալ մարդիկ են։ Մենք էլ ենք ՀՀԿ-ից դուրս եկել՝ ՀՀԿ-ի վերնախավի քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով, ոչ թե՝ կուսակցության։

-Բայց այդ վերնախավն է չէ՞ ներկայացնում ՀՀԿ-ն։ Ներքին օղակների ՀՀԿ-ականներին ոչ ոք չի ճանաչում։

-Դե, ես էլ եմ դա ասում՝ նայած թե ով կլինի ցուցակում։ Հանրապետականի դեմքը հազիվ մի 10-15 հոգի են։ Մենք էլ հենց դժգոհ էինք ՀՀԿ-ից նրա համար, որ կուսակցության դեմքը ճիշտ չէր ներկայացվում։ Եթե հիմա ցուցակներն այնպես կազմեն, որ ՀՀԿ-ն նոր դեմքով հանդես գա, անգամ ես կողջունեմ դա։ Իսկ եթե լինեն այն նույն մարդիկ, ովքեր վարկաբեկել են կուսակցությունը, դա մեծ վնաս կտա իրենց ընտրությունների ժամանակ։

-Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք վարկաբեկված հանրապետականներ։

-Ես չեմ ուզում անհատական անուններ տալ, որովհետև մենք նրանց հետ ճանապարհ ենք անցել, բայց կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի մեջ կան մարդիկ, ովքեր կուսակցության հետ կապ չունեն։ Մի ամսում  մարդուն բերում, դարձնում էին ՀՀԿ-ական, հետո  տալիս էին ղեկավար պաշտոն, ցուցակ էին մտցնում։ Այսինքն՝ մարդիկ կային, որ կուսակցականության հետ կապ չունեին։ ՀՀԿ-ի խոցելի կետը դա էր, որ կուսակցությունը դարձել էին պորֆմիություն։

-Իսկ ՀՀԿ-ն առանց ընտրակաշառքի, ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի կիրառման կկարողանա՞ անցողիկ շեմը հաղթահարել։

-Եթե հանկարծ հրաշք լինի ու ՀՀԿ վերնախավը որոշի փոխել իր դեմքը ու նոր մարդկանցով ներկայանալ, դա կօգնի նրանց։ ՀՀԿ ներքին օղակներում կան շատ կարգին մարդիկ, ովքեր կարող են առանց փողի ձայն հավաքել։ Բայց, ցավոք, ՀՀԿ-ն չի գնա դրան։ Նրանք իրենց հույսը դնում են փողատերերի վրա, փողատերերն էլ կազմակերպում են ընտրությունները։ ՀՀԿ-ականները նախկինում ընտրությունները կազմակերպում էին նրանց միջոցով։ Նրանք ամեն մի շրջան վերցնում էին իրենց վրա ու փողով ձայն էին հավաքում։ Իսկ եթե ՀՀԿ վերնախավը փորձեր ընտրությունները կազմակերպեր իր ներքին օղակների միջոցով, ապա առանց փողի կկարողանար ավելի շատ ձայն տանել՝ ինչպես եղավ Միասնություն դաշինքի ժամանակ։

-Հիմա, երբ փողը այս ընտրության ժամանակ հնարավոր է դերակատարություն չունենա,  ինչպիսին կլինեն ՀՀԿ-ի շանսերը։

-Ես դա եմ ասում, եթե այդ ցուցակով նորից փող բաժանվեց, փողատերերը էլի մտան ցուցակ, ապա ՀՀԿ էլ, «Հայրենիքն» էլ մարդկանց աչքին նախկինը կերևան, ու մարդիկ նրանց ձայն չեն տա։ 

-Իսկ այս ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը Հանրապետականին չի՞ խանգարի։ Ըստ էության, մեկը մյուսից ձայն է փախցնելու։

-Իհարկե կխանգարի։ Մեկը մյուսին շատ կոպիտ կխանգարեն։ Քոչարյանի ու ՀՀԿ-ի ձայները մեկը մյուսին կխանգարեն, ձայները կկիսվեն։ 

-Ձեր կարծիքով ՀՀԿ-ի մասնակցությունը այս ընհտրություններին Ռոբերտ Քոչարյանին խանգարելո՞ւ  նպատակով էր։ Կարծես Սերժ Սարգսյանը առաջին հերթին պայքարում է Քոչարյանի, հետո նոր իշխանության դեմ։

-Ես դժվարանում եմ կոնկրետ բան ասել, բայց Ձեր ասածի մեջ տրամաբանություն կա։
 
Արփի Հարությունյան