Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրապարակ». Ինչ-որ պահից քաղաքական դաշտում շատ հարգի է «կրուտիտի» երեւույթը, եւ այդ ոճը, պարզվեց, անչափ գայթակղիչ է

«Հրապարակ». Ինչ-որ պահից քաղաքական դաշտում շատ հարգի է «կրուտիտի» երեւույթը, եւ այդ ոճը, պարզվեց, անչափ գայթակղիչ է
Քաղաքականություն
10:32, 17 февраль 2021
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից հայ հանրությունը քննարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ես կասեի, դարակազմիկ հարցազրույցը։ Դարակազմիկ՝ ոչ թե ասելիքի առումով, այլ հանդես գալու հազվադեպության։ Ի դեպ, առաջին միտքը, որ գալիս էր հարցազրույցն ունկնդրելիս, այն էր, թե ինչու առաջ չէր խոսում, մանավանդ՝ իր պաշտոնավարման շրջանում։ Հանրության հանդեպ հարգանքը նաեւ այդպես կդրսեւորվեր՝ նրան հաշվետու լինելու, նրան «մարդատեղ» դնելու տեսքով։

Իսկ այսօր, անշուշտ, լավ է, որ նախկին նախագահը, քաղաքական դաշտում որոշակի կշիռ ու դերակատարում ունեցող անձը խոսում է, բացատրում, պատասխանում հարցերին, բացում է փակագծեր, թեկուզ՝ ուշացած։

Դա նաեւ կօգնի նրա ղեկավարած քաղաքական ուժի հանդեպ հանրային վերաբերմունքի հարցում։ Բայց պետք է նկատենք, որ հարցազրույցից հետո նոր հարցեր առաջացան։ Մանավանդ, որ ինչ-որ պահից հայաստանյան քաղաքական դաշտում շատ հարգի է «կրուտիտի» երեւույթը, եւ այդ ոճը, պարզվեց, անչափ գայթակղիչ է։

Հետին թվով, իհարկե, կարելի է մեղադրել այլ անձանց, օրինակ՝ Կարեն Կարապետյանին, եւ ասել, որ ես իշխանությունը տվել եմ նրան, այդ նա է հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Բայց չէ՞ որ բոլորը հասկանում են՝ հանձնել էր պետք ավելի վաղ, ոչ թե ապրիլի 23-ին, երբ երկրում իշխանության դե ֆակտո կրողն արդեն Փաշինյանն էր։ Կարելի է նաեւ սիրուն ներկայացնել բանակցային գործընթացի լուսավոր կողմը՝ մեզ համար շահեկան առաջարկները, սակայն փաստ է, որ այդ առաջարկները մնացել են թղթի վրա, եւ ոչ մի երաշխիք չկար, որ իշխանության մնալով՝ Սերժ Սարգսյանը դրանք հասցնելու էր տրամաբանական ավարտին։ Եվ վերջապես՝ երբ ասում է, թե ինքը գիտեր, որ Փաշինյանը տանում է պատերազմի, իսկ ինքն ի՞նչ արեց պատերազմը կանխելու եւ դրա վտանգների մասին ահազանգելու համար»: