Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլյանի զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, գաղտնիության ռեժիմից դուրս մասերը՝ նաև հանրությանը․ եթե անհրաժեշտ լինի, կտրվեն քրեաիրավական գնահատականներ․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյանի զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, գաղտնիության ռեժիմից դուրս մասերը՝ նաև հանրությանը․ եթե անհրաժեշտ լինի, կտրվեն քրեաիրավական գնահատականներ․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
12:59, 05 май 2021
ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով «Ապրիլյան քառօրյա» պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին և դրա հրապարակմանը նշեց, որ այն ավարտված է և գտնվում է առաջին բաժնում ու գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած մեկը կարող է ծանոթանալ թե՛ զեկույցին, թե՛ զեկույցի հիմքում դրված բոլոր ձայնագրություններին՝ սկսած այն ժամանակվա քաղաքական ղեկավարության ձայնագրությունները, մինչև՝ ռազմական գործիչների ձայնագրություններ։ Սակայն, քանի որ գաղտնիության հետ կապված խնդիր է առաջացել, զեկույցը հանրայնացելը խնդրահարույց է դարձել։

«Մենք շարժվում ենք պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի պահանջով։ Զեկույցը գտնվում է առաջին բաժնում և կարծում եմ ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ գաղտնիությունից դուրս գալով հասանելի կդառնա հանրությանը, բայց կան անհատներ, կառույցներ, որոնք ունեն իրավասություն ծանոթանալու զեկույցին, որովհետև վերջին հաշվով, իմ կարծիքով այս զեկույցը չպետք է մնա առաջին բաժնում, և սրա ուսումնասիրման հաջորդ փուլի անհրաժեշտություն եմ տեսնում, որովհետև կան դրվագներ, որ համապատասխան մարմինները պետք է առնվազն ուսումնասիրեն։ Ես ԱԺ-ում ծավալուն ելույթ ունեցա, որը մոտ մեկ ժամ տևեց, հետո հարց ու պատասխան եղավ, դրանք բոլորը ձայնագրվում են, բնականաբար չենք կարող շրջանցել գաղտնի ռեժիմը, բայց դա չի նշանակում, որ դա կկորի։ Նման բաները պահվում են ինչ-որ ժամանակ, հետո բացվում են, բայց այսօր էլ պետք է ողջունենք, որ զեկույցը արդեն իրականություն է և զեկույցի դրվագները ունենալու են շարունակություն, եթե անհրաժեշտ է տրվելու են նաև քրեաիրավական գնահատականներ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իր ելույթից որոշ դրվագներ, որոնք գաղտնիություն չեն պարունակի, կհրապարակվեն։

Քոչարյանը նշեց, որ շատ հարցերի պատասխաններ գտնվել են և փաստագրվել։ «Ոչ ոք չի մերժել պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին, բացի մեկ մարդուց, և միակ հարցը, որին հանձնաժողովը չի կարող իմպերատիվ պատասխան տալ, թե ինչ-որ հարցի պատասխան ստացե՞լ է, թե՞ ոչ, թաքնված է այդտեղ՝ այդ մարդու չտված պատասխանում, և այստեղ արդեն մյուս մարմինները պետք է պարոն Խաչատուրովին կանչեն, հարցնեն», - ասաց Քոչարյանը։ 

Հարցին, թե Խաչատուրովի չգալով ի՞նչ հարցի պատասխան չի ստացել, Քոչարյանն ասաց․ «Թե ի՞նչ  է խոսել Մոսկվայում։ Սերժ Սարգսյանը նշում է, որ ինքը դրանից տեղյակ չէ»։

Հարցին, թե ի վերջո ապրիլյան քառօրյա պատերազմում մենք հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, Քոչարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը պնդում է, թե ինքը հաղթել է Իլհամ Ալիևին, բայց այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմը ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում՝ ի օգուտ Ադրբեջանի։ «Այն դիրքերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանը կատարել է գործողություններ, այդ դիրքերի առավելությունը պահել է՝ 20 դիրք։ 1994 թվականի զինադադարը խախտվել է, որը եռակողմ էր՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։ Հիմա հարց կառաջանա՝ ինչու՞ այն ժամանակ ստացվեց հրադադարի հասնել, հիմա՝ չստացվեց։ Այդ հարցերի պատասխանը, եթե լինի հնարավորություն, քննիչ հանձնաժողովը կունենա, սակայն այլ հարցերի պատասխաններ այս փոքրաթիվ ուժերով մենք ստացել ենք՝ օգտագործելով զինվորականների ինտելեկտուալ կարողությունները։ Բոլորը վստահեցին և եկան, պատասխանեցին հարցերին, բացի մեկից։ Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը գա և պատասխանի հարցերին, սակայն նա չեկավ և այդ չգալու մեջ կա առեղծված»-, ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ զեկույցը պետք է առաջին հերթին հասանելի լինի պատկան մարմիններին, իսկ հնարավորության դեպքում, գաղտնիության ռեժիմից դուրս մասերը՝ նաև հանրությանը։ Քոչարյանը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո որոշ թերությունների մասով որոշ շտկումներ արվել են, մասնավորապես հակաօդային պաշտպանության ոլորտում, սակայն դա բավարար չէր այսպես ասած «օդը փակելու» համար։