Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդմիջումից հետո նիստի տեսանկարահանումն արգելելու՝ Ռոբերտ Քոչարյանի և Արամ Մանուկյանի գործով դատավորի որոշումն ակնհայտ ապօրինի էր․ փաստաբան

Ընդմիջումից հետո նիստի տեսանկարահանումն արգելելու՝ Ռոբերտ Քոչարյանի և Արամ Մանուկյանի գործով դատավորի որոշումն ակնհայտ ապօրինի էր․ փաստաբան
Քաղաքականություն
13:08, 05 май 2021
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ Արամ Մանուկյանի երեկվա դատավարության տարբեր ասպեկտներ բավական լուսաբանվել են բացառությամբ մեկի, էստեղ կարճ կանդրադառնամ նաև դրան: Երեկ նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը, դատական նիստը բացելուց հետո, տեսնելով դահլիճում տեսախցիկներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոշեց ի ցույց դնել լիբերալ արժեքների նկատմամբ իր բարեհաճ վերաբերմունքը  և շնորհավորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ մամուլի ազատության օրվա առթիվ: Նիստը տեսաձայնագրելու ու հեռարձակելու դեմ որևէ մեկը չառարկեց ու նիստն սկսվեց: Ամեն ինչ հանգիստ էր մինչև այն պահը, երբ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը հասկացավ, որ այն, ինչ իրենց թիմն ամեն կերպ թույլ չէր տվել, որ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով, այն է` հարցերի բովանդակային քննարկում, տեղի է ունենում այս դատավարության ընթացքում՝ Արամ Մանուկյանի դիրքորոշման ներկայացման շրջանակներում: Տեսնելով, որ որևէ կերպ չի կարողանում խոչընդոտել հարցերի բովանդակային քննարկմանը` նա հայտարարեց, որ հիմա ինքը գնում է նիստից, քանի որ այլևս չի պատրաստվում լսել Արամ Մանուկյանի ելույթը: Դատավորը նրան հորդորեց սպասել մինչև ընդմիջումը, սակայն նա այդպես էլ չանսաց դատավորի հորդորին ու հեռացավ: Քիչ անց դատավորը հայտարարեց ընդմիջում` որոշակիորեն հնարավորություն տալու Քոչարյանենց վերամշակելու իրենց մարտավարությունը: Ընդմիջումից հետո Քոչարյանի ներկայացուցիչը վերադարձավ ու առարկեց նիստի տեսաձայնագրառման դեմ` վկայակոչելով ՀՀ քաղ դատի 144-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչի հիման վրա դատավորը մամուլի ազատության օրը նիստին հերոսաբար դիմացած լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչին արգելեց տեսաձայնագրում իրականացնել: Դատավորի այս որոշումն ակնհայտ ապօրինի էր, ինչպես փորձեցինք բացատրել նրան, քանի որ չէր բավարարում ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ-ով երաշխավորված արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակման համար նախատեսված բոլոր երեք պայմանները: Մասնավորապես` որևէ հիմնավորում չհնչեց ոչ ներկայացուցչի և ոչ էլ դատարանի կողմից, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում նման սահմանափակումը և ինչպես է այն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: Այսպիսով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած դատական պրակտիկան, ինչպես ցույց են տալիս մեր դատարանները, շարունակում է Հայաստանում էֆեկտիվորեն մնալ թղթի մի կտոր»