Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը Հայաստանին կոչ է արել հրաժարվել «ապակառուցողական» դիրքորոշումից

Բայրամովը Հայաստանին կոչ է արել հրաժարվել «ապակառուցողական» դիրքորոշումից
Քաղաքականություն
16:34, 22 февраль 2023
Կարևոր է, որ Հայաստանը հրաժարվի իր «ապակառուցողական» դիրքորոշումից և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը։

Բայրամովն ու Դոքերտին քննարկել են խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակը, Լաչինի ճանապարհին «բողոքի ակցիայի» տարբեր ասպեկտները։

Ադրբեջանի արտգործնախարարն իր զրուցակցին տեղեկացրել է, որ չնայած Հայաստանը «հրաժարվել է մասնակցել» խաղաղության պայմանագրի բանակցություններին, որոնք նախատեսված էին անցած տարվա դեկտեմբերին, և չնայած նրա կողմից ստեղծած «խոչընդոտներին», Ադրբեջանը «հավատարիմ է մնացել» խաղաղ գործընթացին և մեկնաբանություններ է փոխանակել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե  հայկական կողմին առաջարկել են, որ Զանգեզուրի միջանցքի սկզբում ու վերջում, նաև Լաչինի ու Հայաստանի միջև անցակետեր պետք է լինեն, հայտարարել է, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով,  հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: 

«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց մեր պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է. Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո այս դիրքորոշումը հնչեցվել է, և այն մնում է նույնը. Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Հավանաբար Ադրբեջանի ԱԳ նախարարը հայկական կողմի այս դիրքորոշումն է անվանում «ապակառուցողական»: