Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բագրատ Եսայանը համաձայն է վարչապետին ուղղված հայոհյանքին, բայց այդ հիմքով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Բագրատ Եսայանը համաձայն է վարչապետին ուղղված հայոհյանքին, բայց այդ հիմքով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Քաղաքականություն
17:46, 05 май 2021
Սյունիքում և Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված հայհոյանքներով ակցիաների առթիվ հարուցված քրեական գործերը նախաքննության ակտիվ փուլում են, լրացուցիչ մեղադրյալներ կլինեն, բայց ձերբակալվածներ՝ ոչ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեցին Քննչական կոմիտեից։

Երեկ ՀՅԴ անդամ, Կրթության և գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի գործով իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ (խուլիգանություն)՝ հրապարակելով «Փաստինֆոյի» հոդվածը։ Իսկ «Առավոտի» հետ զրույցում էլ ՀՅԴ անդամն ասել է, որ ինքը գլխավոր դատախազության դիմաց չի միացել այն անձանց վանկարկումներին, ովքեր հայհոյում էին վարչապետին և նշել է, որ մեղադրանքի հիմքում այդ հայհոյանքն է։ Չնայած սրան՝ Բագրատ Եսայանը նաև նշել է, որ ինքը համաձայն է վարչապետին ուղղված այդ բնորոշմանը։ 

Նշենք, որ օրեր առաջ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրել էին, որ Սյունիքի և Գլխավոր դատախազության դեպքերով շուրջ 28 անձ է մեղադրյալ ներգրավվել։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին՝ Ագարակում, Մեղրիում և Շուռնուխում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը նշված վայրեր խոչընդոտելու դեպքերի հաջորդ օրը ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայհոյանքներով զուգորդված բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ընդդիմության խոսքով՝ այդ ակցիան  նախօրեին բերման ենթարկված Սյունիքի մի շարք բնակիչների՝ այդ թվում Մեղրիի քաղաքապետի պաշտպանությանն էր ուղղված։ Ակցիայի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց՝ «Ժողովուրդ դուք ազատ եք, ինչ ուզում եք արեք», որից հետո ընդդիմության որոշ ներկայացուցչներ Գլխավոր դատախազության շենքի մոտ բախվեցին ոստիկանների հետ և փորձեցին ներխուժել դատախազություն, նրանք հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետի հասցեին, այնուհետև ձվեր ու շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախման արդյունքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա տեղափոխվեց հիվանդանոց։ Գլխավոր դատախազությունն առաջարկեց ընդիմության ներկայացուցիչներին հանդիպել շենքի ներսում, սակայն նրանք հրաժարվեցին, ինչի մասին տեղեկացրեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։