Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքը երկար փակ չի մնալու, որովհետև Ադրբեջանն այն պետությունը չի, որ կարող է Միջազգային դատարանի որոշման վրա թքած ունենալ. Հայկ Սուքիասյան

Լաչինի միջանցքը երկար փակ չի մնալու, որովհետև Ադրբեջանն այն պետությունը չի, որ կարող է Միջազգային դատարանի որոշման վրա թքած ունենալ. Հայկ Սուքիասյան
Քաղաքականություն
19:09, 24 февраль 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ վարչապետի մեկնաբանությունները «հակասում են» դատարանի որոշմանը և հանդիսանում են Երևանի կողմից «ցանկալին իրականության տեղ» մատուցելու հերթական փորձ։ Բացի դրանից, հայտարարության մեջ նաև նշվել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը, թե դատարանը արձանագրել է Լաչինի «ճանապարհի» փակումը, «չի համընկնում» ժամանակավոր միջոցների մասին Դատարանի որոշման տեքստի հետ, իսկ դատարանի որոշման մեջ «չի հիշատակվում» «ճանապարհի» փակումը։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Դատարանը մերժել է Հայաստանի երկու հիմնական պնդումները այն մասին, որ Լաչինի միջանցքի փակումը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության կողմից, և որ Ադրբեջանը խոչընդոտում է գազամատակարարմանը և հայ բնակչությանը կոմունալ ծառայություններ մատուցելուն»։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն ասաց, որ հերթական անգամ ապացուցվեց, որ Ադրբեջանը միջազգային իրավունք չգիտի։

«Ես ուզում եմ իրենց ասել հետևյալը՝ դատարանների որոշումները չեն քննարկվում, որոշումները կատարվում են։ Ադրբեջանը հերթական անգամ սոփեստություններ արեց՝ իրավիճակը մխտռելու, Հայաստանի հաղթանակը սևացնելու ուղղությամբ, իրենք հազար ու մի բաներ կարող են ասել. դատարանը վճիռ է կայացրել։ Ուրեմն՝ միջանցքը պիտի բաց լինի մեքենաների և մարդկանց ազատ տեղաշարժի համար, գլխավորը սա է։ Երկրորդը՝ դատարանի վճիռը մեզ նաև հուշում է այն, որ ըստ էության ստացվում է, որ ԼՂ-ն չճանաչվեց Ադրբեջանի տարածք։ Եթե ԼՂ-ն ճանաչվեր Ադրբեջանի տարածք, դատարանը Հայաստանի վճռով որոշում չէր կայացնի, որ Ադրբեջանն իր տարածքում բան է փակել։ Այ սա նաև գլխավոր հարցն է։ Եվ եթե Արցախի իշխանությունները խելք ունեն, իրենք կարող են այս դատավճիռը վերցնել և մեկնաբանել հետևյալ կերպ, որ ըստ դատարանի վճռի՝ ստացվում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք չէ, իսկ Ադրբեջանն իհարկե փորձելու է  լղոզել ու հազար ու մի այլանդակություն անել»,-ասաց քաղաքագետը։  

Նա նշեց, որ միջազգային դատարանի որոշումից հետո Հայաստանն այս վճիռը վերցրած պետք է բղավի ամբողջ աշխարհին՝ և՛ ՄԱԿ-ով, և՛ ԵՄ-ով, որտեղ լինի, որ վճիռը չի կատարվում։ 

Այնուհետև քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը Ռուսաստանին «փուռն է տալիս», ստացվում է, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը չի  փակել միջանցքը, իսկ եթե ինքը չի փակել, նշանակում է՝ ռուս խաղաղապահներն են փակել, և ինքը Ռուսաստանի հետ կոնֆլիկտ է առաջացնում՝ դիսկուրսի մակարդակով։  

«Իհարկե, իրենք կատարելու են դա, շանս չունեն դա չկատարելու, բայց Ադրբեջանը սովորաբար և՛ լղոզում է իրավիճակը, և՛ այլասերում է իրավիճակը, դատարանի որոշումը, բայց նաև ռուսների հետ կոնֆիլկտ է առաջացնում՝ հարցը գցելով ռուսների վրա։ Իսկ թե երբ կբացվի միջանցքը՝ դա կախված է նաև մեր գործողություններից, թե Հայաստանն ինչքան ճնշում կկիրառի, թե Հայաստանն ինչքան աղմուկ կբարձրացնի։ Բայց քանի որ այստեղ դատարանի հեղինակության հարց կա, կարծում եմ՝ Ադրբեջանը երկար փակել չի կարող, որովհետև եթե նա երկար փակի, կստացվի, որ այդ դատարանը ոչ մի բան է, բայց քանի որ այդ դատարանը միջազգային հեղինակություն ունեցող դատարան է, և դա հավանաբար աշխարհի ամենաբարձր միջազգային դատարանն  է, ես կարծում եմ՝ այստեղ գերտերությունները շատ արագ Ադրբեջանի ականջներից կբռնեն՝ հանուն միջազգային դատարանի լեգիտիմության։ Նա չի կարող չկատարել որոշումը, հակառակ պարագայում, օրինակ՝  ՄԱԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել, գերտերությունները կարող են ճնշել Ադրբեջանին։ Հիմա խնդիրն այստեղ հետևյալն է՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հաստատ պայմանավորվածություն ունի, որ միջանցքը փակ պահի, և հիմա ինքը Ռուսաստանին քցում է։ Բայց Ռուսաստանը թողնելո՞ւ է, որ Ադրբեջանն  իրեն քցի»,- ասաց քաղաքագետը։

Ի հավելումն նա ասաց, որ այս իրավիճակից Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կառաջանան կոնֆլիկտներ, և սա քաղաքական իմաստով մեզ համար լավ է։

Նա այդուհանդերձս կարծում է, որ Լաչինի միջանցքը երկար փակ չի մնալու, դա հնարավոր բան չի, որովհետև Ադրբեջանն այն պետությունը չի, որ կարող է միջազգային դատարանի որոշման վրա թքած ունենալ։ 

Ըստ Հայկ Սուքիասյանի՝ եթե Ռուսաստանը լիներ, նա կարող էր թքած ունենալ, ինչպես տեսնում ենք, որ թքած ունի միջազգային իրավունքի վրա, բայց քանի որ այստեղ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է, ըստ էության ինքը ստիպված է լինելու, թեկուզ ռուսներին գցելով, բացել միջանցքը։

Լիլիթ Թադևոսյան