Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրակարգում են ՆԳՆ ձեւավորման եւ Պարեկային ոստիկանության հիմնադրման հարցերը»․ վարչապետ Փաշինյան

Առաջիկայում օրակարգում է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ձևավորման գործընթացը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ զուգահեռ մեկնարկում է Պարեկային ոստիկանության հիմնադրման գործընթացը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքների մեջ են: Այդ համատեքստում Ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Մեր օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ նաև մենք սկսել ենք և այս տարի պետք է շոշափելիորեն և տեսանելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Գործընթացն արդեն սկսված է, և մենք այսօր պետք է քննարկենք նաև այս համատեքստում, թե ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ծրագիրը, որ պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել էր, ավելի չհետաձգվի, և մենք այս տարի կարողանանք ինչպես պլանավորված է իրագործել այդ նախագիծը », - նշել է Փաշինյանը:

Վարչապետին զեկուցվել է Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների, այդ թվում՝ ընդունելության արդյունքների և մասնակիցների ընտրության մասին: Մանրամասներ են ներկայացվել կրթական դասընթացի վերաբերյալ, որը, պատերազմով պայմանավորված՝ մի փոքր հետաձգումով, մեկնարկել է 2021թ. հունվարի 18-ից և տևելու է 5 ամիս: Ընտրված դասախոսական կազմն անցել է վերապատրաստում: Ներկայում Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի շրջանակում իրականացվում են տակտիկական կուրսի, կրակային պատրաստականության, առաջնորդության և այլ դասեր: Վերապատրաստման դասընթաց է անցկացվելու նաև ՊԾ ղեկավար կազմի համար: Զեկուցվել է Ծառայության արտաքին տեսքի ապահովման՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր համազգեստի, նոր տեխնիկական և հատուկ միջոցներով հագեցվածության, նոր ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովման աշխատանքների, օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ընթացքի մասին:

Վարչապետը կարևորել է գործընթացի արագ, որակյալ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին հետևողական աշխատել այդ ուղղությամբ:

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության կառուցվածքի նախնական մոդելը: