Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիները սահմանը հատելիս թալանի են ենթարկվում՝ ՊՇՌ թեստ հանձնելով՝ ․ Տիգրան Ուրիխանյանը՝ ՄԻՊ-ին․ տեսանյութ

«Ունե՞ն արդյոք մարդիկ իրավունք կորոնավիրուսով վարակվելուց հետ ապաքինվելու և ողջ մնալու, կարծում եմ ունեն։ Ունե՞ն արդյոք իրավունք տևական ժամանակ, ինչը հաստատված է արդեն բժշկության կողմից, ձեռք բերելու և տևական ժամանակ ունենալու հակամարմիներ, ունեն,  հավաստվու՞մ է դա արդյոք  փաստաթղթերով՝ օրինակ լաբորատոր անալիզների արդյունքում՝ հաստատվում է։

Արդյո՞ք այդ մարդիկ, որոնց օրգանիզմը չի կարող ենթարկվել COVID վարակի մանրեների ազդեցությանը պարտավոր են ՀՀ սահմանը հատելիս ունենալ այլ փաստաթուղթ, որը պետք է ապացուցի, որ նրանք  հարյուր տոկոսով վարակված չեն։ Հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր արդեն վարակված են և հակամարմիններ կրողներ են պարտադրում են, որ սահմանը հատելիս նրանք վճարելով էական գումարներ՝ սկսած 15,000 դրամից, պարտադիր ստանան տեղեկանքներ, որ հանձնել են ՊՇՌ տեսակի թեստեր»։ Այս հարցն այսօր ԱԺ-ում բարձրաձայնեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ակնկալելով ՄԻՊ Արման Թաթոյանից խնդրի լուծում։

Արման Թաթոյանը անդրդառանալով խնդրին՝ նախ նշեց, որ հարցն ունի բժշկական, իրավական, և սոցիալական որոշակի կոմպոնենտ և կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է երկկողմանի բալանս ունենա՝ հանրային առողջության և քաղաքացու իրավունքի տեսանկյունից․

«Ինչ վերաբերում է սահմանին տեղեկանքներ պահանջելուն, մեր երկիրն առաջին անգամ էր բախվում այս խնդրին, շոկային վիճակում են հայտնվել շատ երկրներ, և այս վարակի առանձնահատկությունն այն է, որ սահմանափակումները շատ արագ էին փոխվում աշխարհում։

Կորոնավիրուսի ժամանակ խուճապային վիճակ էր, գլխավոր խնդիրը ճիշտ իրազեկելն է մարդկանց։ Պետությունը ինչ էլ ուզում է սահմանի դա պետք է լինի անհրաժեշտ և մարդու համար ընկալելի, որ դա անհարժեշտ է իր առողջությունը պաշտպանելու համար »,-հավելեց նա։ 

Սակայն Տիգրան Ուրիխանյանը կրկին ընդգծեց, որ հակամարմիններ ունեցող հարյուր հազարավոր մարդիկ մեծ գումարներ վճարելու և կորոնավիրուսի թեստ հանձնելու փոխարեն կարող են ավելի էժան գնով տեղեկանք վերցնել հակամարմինների առկայության մասին և չենթարկվեն թալանի․ «Հակամարմիններ ունեցող մարդիկ պարտավոր չեն թալանի ենթարկվել և վճարել մեծ գումարներ ՊՇՌ թեստի համար»։ 

Արման Թաթոյանն էլ նշեց, որ եթե այդ խնդիրը կա և կա նման պրակտիկա ավելի մատչելի գնով տեղեկանք ստանալու հակամարմինների մասին՝  ապա համատեղ կաշխատեն այդ խնդրի շուրջ և հարկ եղած դեպքում կդիմեն Կառավարությանը։ 

Նշենք, որ այսօր ԱԺ հերթական նիստում ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացնում է 2020թ․ Մարդու իրավունքերին և ազատությունների վերաբերյալ ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը և ՄԻՊ-ի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020թ․ տարեկան զեկույցը