Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատվաստման հավաստագիր, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ տեստ հանձնելու կարիք չեն ունենա»․ Անահիտ Ավանեսյան

«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատվաստման հավաստագիր, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ տեստ հանձնելու կարիք չեն ունենա»․ Անահիտ Ավանեսյան
Քաղաքականություն
11:45, 06 май 2021
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «Կառանտինի» մասին որոշման մեջ փոփոխություններ անելու նախագիծը։

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նոր միջոցների ներդրումը, ըստ նախարարի պաշտոնակատարի հնարավորություն է տվել վերանայել սահմանափակումների շրջանակը։ «Ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց, նաև հետևելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին, թեթևացնել կառանտինի մասին որոշման կետերը։  Սույն նախագծով, այն քաղաքացիները, ովքեր կունենան պատվաստման պատշաճ հավաստագիր, այսինքն «կանաչ անձնագիր», այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ տեստ հանձնելու կարիք չեն ունենա», - ասաց Անահիտ Ավանեսյանը։ 

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ փոփոխությունը կապված է մեր երկիր մուտք գործելու դեպքին, սակայն մյուս երկրները ևս արագորեն փոխում են իրենց քաղաքականությունը։ Երկրից դուրս գալու համար պետք է նայել, թե տվյալ երկիրը իր երկիր մուտք գործելու համար ի՞նչ պահանջներ է ներկայացնում։

Ավանեսյանը շեշտեց, որ Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում ևս հանվում է։ «Բացի դրանից փորձել ենք որոշման մեջ հստակեցնել ՊՇՌ թեստի արդյունք չունեցող և հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգերը։ Մեր օրենքը այժմ հնարավորություն է տալիս երկու ռեժիմ կիրառել՝ եթե անձը ունի որոշակի սիմպտոմներ, ապա նա ենթակա է հոսպիտալացման,  բայց եթե չունի որևէ սիմպտոմ, այլ ուղղակի հրաժարվում է թեստ հանձնել և չունի պատվաստված լինելու մասին հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմը», - ասաց նախարարի պաշտոնակատարը։