Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան խնդիրներ Սյունիքի մարզում, որոնք շեշտակի ավելացել են՝ պատերազմի հետևանքով․ ՄԻՊ-ի պատասխանը Սրբուհի Գրիգորյանին

Կան խնդիրներ Սյունիքի մարզում, որոնք շեշտակի ավելացել են՝ պատերազմի հետևանքով․ ՄԻՊ-ի պատասխանը Սրբուհի Գրիգորյանին
Քաղաքականություն
12:22, 06 май 2021
Այսօր Աժ նիստում ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ սոցիալական և առողջապահական խնդիրների վերաբերյալ, թե արդյո՞ք գույքագրում արվել է այն մասով, թե մեր երկրում կոնկրետ ո՞ր մարզերում և ո՞ր տարածքներում են մարդու իրավունքները առավել ոտնահարվել։

«Ես ինչո՞ւ եմ այս հարցը ուղղում, որպեսզի հասկանանք, խնդիրը անձերի հետ է կապված, թե՞ համակարգային է», - հավելեց տիկին Գրիգորյանը։

Արման Թաթոյանը նշեց, որ տարեկան զեկույցներում կան վիճակագրական տվայլներ, թե որ մարզերից ինչքան բողոք կա, սակայն հիմք չկա, որ այս խնդիրները անձերով են պայմանավորված․ «Դրանք համակարգային խնդիրներ են, որոնք տարիներով կուտակվել են և արատավոր բնույթ են ստացել։ Կան խնդիրներ, որոնք նույնիսկ քրոնիկ են դարձել, օրինակ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար բժշկական ծառայությունների ոչ հասանելիությունը, կամ, եթե կա էլ, դրա չափազանց թանկ լինելը, ինչը ծնողը չի կարող իրեն թույլ տալ։ Կան, իհարկե, խնդիրներ որոնք դրական լուծում են ստանում»։

Պարոն Թաթոյանի խոսքով՝ կան խնդիրներ, մասնավորապես, Սյունիքի մարզում, որոնք շեշտակի ավելացել են՝ պատերազմի հետևանքով։

Անգամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջ եկել։ Նրա խոսքով՝ եթե, օրինակ, Կապան համայնքից մարդը գնում է դեպի Ճակատեն, Ներքին Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր, այնտեղ ճանապարհին կան ադրբեջանական ցուցանակներ, զինվորներ, դրոշներ և մարդիկ խուսափում են այդ վայրերով երթևեկել՝ երեկոյան ժամերին, քանի որ մտավախություն կա՝ անվտանգության հետ կապված։

«Սա լրիվ նոր խնդիր է, որը ազատ տեղաշարժին է վերաբերվում։ Մարդը, նույնիսկ, խուսափում է բժշկական օգնություն ստանալուց, եթե, օրինակ, Կապան քաղաք կամ որևէ այլ տեղ է մեկնում գիշերով։ Նա նախընտրում է այլևս չերթևեկել այդ ճանապարհով», - նշեց նա։

Պարոն Թաթոյանի խոսքով՝  խնդիրները կարելի է բաժանել 2 մասին։ Մեկը տիպային խնդիրներն են՝ բոլոր մարզերի համար․ օրինակ՝ բժշկական հասանելիության խնդիրը, իրազեկումների պակասը, կարծրատիպերի առկայությունը տարբեր հարցերում, օրինակ, կանանց իրավունքերի հետ կապված։

Իսկ 2-րդ խնդիրը անհատական է, օրինակ, Սյունիքի մարզում, որը սպեցիֆիկ է, ինչպես նաև, Գեղարքունիքի մարզում, բայց այստեղ ծավալն ավելի փոքր է, քան Սյունիքում։