Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկեցինք իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո․ Արա Այվազյան․ Տեսանյութ

Այսօր՝ մայիսի 6-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը։ 

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Սերգեյ Լավրովի հետ միասին քննարկված հարցերի շրջանակը բավական լայն է եղել և ներառական՝ պայմանավորված հայ-ռուսական դաշնակցային ներկա մակարդակով։ 

«Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն ու բազմակողմ հարթակներում երկկողմ գործընկերությանը առնչվող հարցերին։

Տեսանելի է ակտիվ փոխգործակցությունը նախարարությունների և գերատեսչությունների միջև»,-ասաց Արա Այվազյանն ու հավելեց, որ ակնկալում են ռազմատեխնիկական ոլորտում ձեռնարկել հստակ համատեղ քայլեր՝ ուղղված համագործակցության բաերլավմանը, ինչպես նաև ակնկալվում է ապրանքաշրջանառության աճ։ 

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով իր կողմից ընդգծվել է Հայաստանում խթանելու COVID-19 համավարակի հակազդման գործընկերությունը՝ այդ թվում ռուսաստանյան հակավիրուսային պատվաստանյութի կիրառման միջոցով։ 

«Հատուկ անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնենք համատեղ ջանքերը։ Մանրամասն քննարկեցինք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ուղղված ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը, և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունն առանցքային դեր է խաղաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում»,-մեջբերեց Արա Այվազյանն ու ընդգծեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում պայմանավորվածությունների ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը․

«Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձությունը։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը խաթարում է հակամարտության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակով գտնվող անձանց»,-հավելեց նա։ 

Արա Այվազյանի խոսքով՝ հայակական կողմի դիրքորոշումը չի փոխվել և Լեռնային Ղարաբաղի հարցում բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ կարգավորման, որտեղ հաշվի կառնվեն բոլորի իրավուքնները, որի հիմքում պետք է ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշում այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը․

«Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից և մենք շահագրգռված ենք այդ ձևաչափի առավել ամրապնդմանը։ Հայկական կողմը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»։