Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարտի 25-ին, երբ 3 նախկին նախագահները հանդիպել են, հայտարարել են, թե Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է՝ հանդիպել են ցուցակ ճշտգրտելու համար»․ Արմեն Գրիգորյան

«Մարտի 25-ին, երբ 3 նախկին նախագահները հանդիպել են, հայտարարել են, թե Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է՝ հանդիպել են ցուցակ ճշտգրտելու համար»․ Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
14:11, 06 май 2021
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով Օնիկ Գասպարյանի՝ Անվտանգության խորհրդի ձայնագրության մի մասի գաղտնազերծմանը նշեց, որ անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան չի կարող մի զեկույցում երկու իրարամերժ մտքեր արտահայտել։ «Եթե զեկույցը հիշում եք, այնտեղ միտք կա, որ Ջաբրաիլի ուղղությամբ որոշակի հաջողություններ ենք ունեցել, թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ ասվում է որևէ առաջընթաց, ապա Անվտանգության խորհրդի մնացած անդամները կարող են հասկանալ, որ նույնիսկ որևէ դիրք չենք զիջել, և այս կոնտեքստում, նաև դրանից առաջ, երբ օգոստոսին զեկուցվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է, որ զեկույցն ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է։ Այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ այս հարցը ամբողջովին պարզաբանված է», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանի պնդմամբ գաղտնազերծված հատվածը միակողմանի չէ, այլ ամբողջովին հերքում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը։

«Դա էր նպատակը, որ ամբողջովին ցույց տանք, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին մեզ լրիվ այլ բան է զեկուցել։ Օնիկ Գասպարյանը իր՝ նոյեմբերի 17-ի հրապարակման մեջ ասել է, որ հունիսի 8-ին, Շտաբի պետ նշանակվելուց մի քանի օր հետո ԱԽ-ին ներկայացրել է զեկույց՝ տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ և իբր առաջարկել է դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Հունիսի 8-ից հետո, առաջին ԱԽ նիստը տեղի է ունեցել հունիսի 19-ին։ Հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել։ Օնիկ Գասպարյանը, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ առաջին պարզաբանումները կամ զեկույցը ունեցել է օգոստոսի 21-ին ԱԽ նիստում։ Իր՝ մոտ 10 էջանոց զեկույցում «դիվանագիտություն» բառ չկա», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանի կարծիքով լրագրողներին պետք է հետաքրքրի, որ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել և որևիցե անգամ որևէ մեկը նրան չի տեսել պարզաբանումներ տալուց։ «Մենք տեսել ենք հայտարարություններ, մենք տեսել ենք Օնիկ Գասպարյանի անունից պարզաբանումներ, բայց մենք երբեք Օնիկ Գասպարյանին չենք տեսել և ես առաջարկում եմ, որ դուք նաև այս հարցով զբաղվեք», - նշեց ԱԽ քարտուղարը։

Հարցին, թե ինչու՞ է Օնիկ Գասպարյանը շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ սուտ տեղեկություններ է տրամադրել և սուտ հայտարարություններ արել, Գրիգորյանը նշեց, որ այդ հարցը տեղին կլիներ, եթե Հայաստանը չգտնվեր հետպատերազմական իրավիճակում։ «Հաշվի առնելով, որ Հայաստանում եղել է հետպատերազմական ներքաղաքական, ես կասեի աշխարհաքաղաքական գործընթացներ, մենք գնացել ենք այդ ճանապարհով և կարևորն այն է, որ հարցը քաղաքական առումով վերջնականապես լուծված է», - ասաց Գրիգորյանը։ 

Հարցին, թե Արմեն Գրիգորյանը և՞ս կարծում է, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կապիտուլյանտ են, հողատու և դավաճան, ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանն ասաց․ «միանշանակ»։

Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի արած միավորվելու մասին առաջարկը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, Գրիգորյանն ասաց, որ նախ հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում ևս եղել է նման ֆորմատով հանդիպում և իրենք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն անել։ «Եթե հիշում եք, այդ ժամանակ և հետո վարչապետին մեղադրեցին, որ չստացվեց իրենց համագործակցությունը։ Կարծում եմ մոտակա ընտրություններում հենց ժողովուրդն է գնահատական տալու իրենց։ Իհարկե 2018-ին մի գնահատական տրվել է Հանրապետականին։ Սերժ Սարգսյանը 2017-ին 770 հազար ձայն է «խփել», իսկ ուղիղ մեկ տարի ու կես անց ստացել է ընդամենը 59 հազար ձայն։ Ի դեպ, հիշում եք չէ՞, երբ մարտի 25-ին հանդիպել են, հայտարարել են, որ Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է, որ հանդիպել են ցուցակ ճշտգրտելու համար», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ շուտով կհրապարակեն, թե 2018-2020 թվականներին՝ համեմատած 2016-2018 թվականների, իրենց իշխանությունն ինչեր է արել։ «Գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն ենք ավելացրել։ Պարտվել ենք, որովհետև անցած 10-20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի արվել։ 2017-ին ռազմական բյուջեն մոտ 207 մլրդ է եղել։ Առաջին տարին, որ մենք բյուջե ենք ընդունել, եղել է 2018 թվականին՝ 2019-ի համար, ռազմական բյուջեն դարձրել ենք 309 մլրդ, որը 102 մլրդով ավել է քան նախորդը, և սա արտացոլվել է սպառազինության գրեթե բոլոր ուղղություններով։ Մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն։ Եթե Սերժ Սարգսյանի՝ 2016-2018 թվականների կառավարման շրջանում ձեռք է բերվել սպառազինության ցանկացած տեսակից օրինակ 50 միավոր, ապա մենք միանշանակ 300 միավորից ավել ենք ձեռք բերել», - ասաց Արմեն Գրիգորյանը։