Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ապացուցելու են, որ այս հայցերը քաղաքական նպատակներ ունեն․Գևորգ Գյոզալյանը՝ Քոչարյանի դատական հայցերի մասին

Մենք ապացուցելու են, որ այս հայցերը քաղաքական նպատակներ ունեն․Գևորգ Գյոզալյանը՝ Քոչարյանի դատական հայցերի մասին
Քաղաքականություն
14:34, 06 май 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը։ 

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ նախորդ տարի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, և ժողովուրդը կքննարկի՝ ների նրանց, թե չների»: 

Նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանին հարցրեց, թե նա իրենց վստահորդներին քաղաքական գործիչներ ընդունո՞ւմ է, թե՞ ոչ։

Հայկ Ալումյանն ասաց, որ իր վստահորդին ընդունում է որպես քաղաքական գործիչ, սակայն Նիկոլ Փաշինյանը, երբ արել է այդ արտահայտությունը, գտնվել է արձակուրդում և արել է որպես մասնավոր անձ։ Ալումյանի խոսքով, եթե այդ արտահայտությունն ասած լիներ որպես վարչապետ, իրենց պահանջը շատ ավելի մեծ կլիներ։

«Ինձ համար շատ կարևոր է հասկանալ, դուք ի՞նչ ձևով եք ընկալել, որ նա արել է համապատասխան քարոզարշավի ընթացքում։

Անիմաստ կլինի ժխտել, որ այս խոսքը, որը ներակայացվել է, քաղաքական գործչի խոսք է, որն իրականացվել է համապատասխան քարոզարշավի շրջանակներում, իսկ դա վերաբերվել է սահմանադրական փոփոխություններին։ Սա նաև հնարավորություն կտա դատարանին պարզելու և օբյեկտիվ որոշում կայացնելու»,-ասաց Գևորգ Գյոզալյանը։ 

Հայկ Ալումյանն էլ ասաց, որ եթե Գյոզալյանի վստահորդի քաղաքական գործիչ լինելն այդ աստիճան կախված է նրանից, որ ինքը պնդի, ապա ասում է, որ Փաշինյանը քաղաքական գործիչ է։

«Ձեր վստահորդը սա ասել քարոզարշավի ընթացքում, բայց քարոզարշավի նյութը քարոզարշավի նպատակների հետ բացարձակապես կապված չէր»,-ասաց Հայկ Ալումյանը։

Այնուհետև Գևորգ Գյոզալյանը Հայկ Ալումյանին հարցրեց, թե 1998 թվականին նրա վստահորդը միայն աշխատավարձո՞վ է հոգացել իր և իր ընտանքիի հոգսերը։ Սակայն դատավորը հանեց այդ հարցը։ 

«Հարցերը, որ ես տալիս եմ ամբողջը շատ պարզ է, նաև հարցադրումների միջոցով ենք պարզում նրա փաստարկները, կողմն ասում է ես գումար չեմ թալանել, աշխատավարձով եմ ապրում։ Այս հարցերը շատ էական են այս գործի շրջանակներում, որ կողմը՝ զբաղեցնելով բարձրագույն պաշտոն, հարստացել է և երբ կողմը չի պատասխանում սա ինձ լիովին բավարարում է»,-ասաց Գյոզալյանը։

Երբ Գյոզալյանը հարցնում էր Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքի մասին, դատավորն ասաց, որ իրեն հետաքրքիր չի, թե հայցվոր կողմն ինչ ունեցվածք, հարստություն կամ եկամուտ ունի, այլ իրեն հետաքրքրում է, թե արդյո՞ք այդ արտահայտությունները, որոնք արվել են, կա զրպարտության նյութ, թե՞ ոչ և կոչ արեց հայցի առարկայից դուրս չգալ։ 

Գևորգ Գյոզալյանը Հայկ Ալումյանին նաև հարցրեց, թե նրա վստահորդի որդին 2008 թվականին մեկ միլիոն դոլար տարբեր մասնաբաժիններով գումարներ առևտրային բանկերում մուտքագրե՞լ է իր հաշիվներում, թե՞ ոչ։ Հայկ Ալումյանն ասաց, որ կճշտի, սակայն դատավորը կրկին հանեց հարցը՝ նշելով, որ առայժմ դա հայցի հետ որևէ առնչություն չունի։ Դատավորի այս գործողությունների դեմ Գևորգ Գյոզալյանը կրկին առարկեց։

 «Ձեր վստահորդը պարբերաբար հայցեր է ներկայացնում հայտնի անձանց դեմ։ Այս կամ այն հայցերը ներակայացնելիս նա քաղաքական նպատակնե՞ր է հետապնդում, թե՞ իրոք կարծում է, որ իր իրավունքները խախտվել են»,-Ալումյանին հարցրեց Գևորգ Գյոզալյանը։ 

Ի պատասխան Հայկ Ալումյանն ասաց, որ իր վստահորդին ինքն է խորհրդատվություն տվել և գլխավորապես իր կարծիքի վրա է հիմնված իր վստահորդի ձևավորված այն կարծիքը, որ անհրաժեշտ է այս հարցով դիմել դատարան և որևէ քաղաքական դրդապատճառ և շարժառիթ չկա։

Այնուհետև Գևորգ Գյոզալյանը հիշեցրեց, որ Ալումյանի վստահորդու ունեցվածքի հետ կապված բազմաթիվ հրապարակումներ են եղել ռուսական և տեղական մամուլում և ցանկացավ իմանալ, թե Քոչարյանը որևէ մեկին դատի տվե՞լ է, սակայն դատավորը կրկին հանեց հարցը։

Իր խոսքում Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իրենք ապացուցելու են, որ այս հայցերը քաղաքական նպատակներ ունեն և այստեղ իրավունքի խախտման մասին խոսք չկա։ 

«Երբ որ դատաքննության ընթացքում կներկայացնենք մեր փաստարկները, ապա տեղ է լինելու նաև այդ մասով, որ սա քաղաքական հայց է, այսինքն՝ իրավունքի խախտում չկա»,-ասաց Գևորգ Գյոզալյանը։   

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 11-ին։