Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների խմբի հաջողությունը վճռորոշ դեր կունենա հետպատերազմական իրավիճակում»․ Լավրով

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների խմբի հաջողությունը վճռորոշ դեր կունենա հետպատերազմական իրավիճակում»․ Լավրով
Քաղաքականություն
14:45, 06 май 2021
«Անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, արձանագրել ենք առաջընթաց և կայունություն։ Մենք չենք խնայում մեր ջանքերը վերադարձնել բոլոր գերիներին»,- այսօր՝ մայիսի 6-ին, ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ տարածաշրջանի կայունության համար կարևոր նշանակություն ունի պատերազմից հետո ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, քանի որ այն լուծելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Ըստ Լավրովի այս աշխատանքային խմբի հաջողությունը վճռորոշ դեր կունենա հետպատերազմական իրավիճակում համագործակցության պայմանների ստեղծման տեսանկյունից։ 

Անդրադառնալով համավարակին՝ ՌԴ ԱԳ նախարարը հիշատակեց, որ Ռուսաստանը տրամադրել է Հայաստանին մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ Վ» պատվաստանյութ, և հիմա քննարկվում է միլիոն դեղաչափ պատվաստանյութի ներկրման և Հայաստանում արտադրման հարցը։ 

Ինչպես Արա Այվազյանը՝ Սերգեյ Լավրովը ևս ընդգծեց, որ կարևոր համագործակցություն են ամրագրել հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև Հայաստանում 102-րդ ռուսական բազայի գործունեությանն են անդրադարձել։
 
Նա նաև հիշատակեց, որ այսօր ստորագրել են միջկառավարական հուշագիր՝ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։

«Ես հրավիրել եմ իմ կոլեգային հերթական այցով հյուրընկալվելու Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի մենք շարունակենք մեր արտաքին քաղաքական, ինչպես նաև այլ թեմաների շուրջ բանակցությունները»,-հավելեց ՌԴ ԱԳ նախարարը։