Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն անձինք, որոնց Տեր-Պետրոսյանն առաջարկ է արել, ինձ համար ամենաանընդունելի մարդիկ են. ես նրանց անվանում եմ քողարկված թշնամիներ. ՀԱԿ անդամ

Այն անձինք, որոնց Տեր-Պետրոսյանն առաջարկ է արել, ինձ համար ամենաանընդունելի մարդիկ են. ես նրանց անվանում եմ  քողարկված թշնամիներ. ՀԱԿ անդամ
Քաղաքականություն
20:17, 06 май 2021
Civic.am-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է համատեղ դաշինքով մասնակցել առաջիկա ընտրություններին։ Որպես ՀԱԿ անդամ, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական հետապնդումների ենթարկված անձ Ձեզ համար ընդունելի՞, ընկալելի՞ է այդ առաջարկը։  

- Տեր-Պետրոսյանի առաջարկի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Առհասարակ նրա ցանկացած խոսք, ելույթ, հոդված մեծ իրարանցում է առաջացնում։ Խելացի ուղեղները սկսում են քննարկել առաջարկվածի միտքը, գաղափարը։ Միջին ուղեղները  քննարկում են այդ իրադարձությունը, առաջարկը, իսկ փոքր ուղեղները քննարկում են, թե  առաջարկը ում է ուղղված, ինչ մարդկանց։ Փոքր ուղեղները գաղափարին չեն անդրադառնում, անդրադառնում են մարդկանց։  

-Կոնկրետ Ձեզ համար ընդունելի՞ է  այդ առաջարկը։ Դուք ո՞նց եք վերաբերում նախկին ավազակապետերի հետ համագործակցությանը, ինչպես նրանց բնորոշում էր ժամանկին նույն Տեր-Պետրոսյանը։  

-Մենք այսօր գնում ենք ինքնաոչնչացման։ Այսօր չկա ինքնաոչնչացումից դեպի փրկություն տանող պետական համակարգ։ Ես կարծում եմ, որ երկիրն այս ինքնաոչնչացման վիճակին հասել է հենց քոչարյանասերժական, բանդիտական, քրեաօլիգարխիկ համակարգի պատճառով։ Այս վիճակի մեղավորը հենց այդ համակարգն է  եղել։ Նրանք որդի նման երկիրը ներսից կերել են ու մեզ տկարացրել են ու հասցրել այս վիճակին։ Քոչարյանը պետք է դատվի, նա հանցանքների մեջ թաղված մարդ է։ Անթույլատրելի է այդ մարդու հետ համագործակցել, նաև Սերժ Սարգսյանի, բայց Տեր-Պետրոսյանը նրանց գործոնը օգտագործում է այս իրավիճակը փրկելու համար։  

-Բայց երկիրը ներսից կրծածները ինչպե՞ս պետք է երկիրը «փրկեն»։ Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում։ Դա ողջամի՞տ է, իրատեսակա՞ն է։
 

-Այն անձանց, ում Տեր-Պետրոսյանն առաջարկ է արել, ինձ համար ամենաանընդունելի մարդիկ են։ Ես նրանց անվանում եմ  քողարկված թշնամիներ։ Թշնամիներ, որ երկիրը բերել հասցրել են այս վիճակին։ Բայց քաղաքականությունը շատ  ոչ միօրինակ բան է։ Ասում են՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Տեր-Պետրոսյանն իր առաջարկում նշում է, որ չի հավակնում որևէ պաշտոնի և նույնն առաջարկում է նաև մյուս նախագահներին։ Այսինքն՝ որ դաշինք կազմվի, դրա մեջ ընդգրկվեն չփչացած, չվարկաբեկված մարդիկ, իսկ իրենք էլ՝ երեք նախագահները հուշագիր ստորագրեն, որ իշխանության չեն գալու և որևէ պաշտոնի հավակնություն չեն ունենալու։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այս դաշինքը հարկավոր է Փաշինյանի իշխանության վերարտադրությունը թույլ չտալու համար։ Տեր-Պետրոսյանը առաջ է քաշում այդ միտքը, քանի որ այսօր Փաշինյանին ամենամեծ օգնությունը հանդես է բերում հենց Քոչարյանը։ Ընտրություններին Քոչարյանի մասնակցությունը մեծապես բարձրացնում է Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը։ Ժողովրդի մի զգալի մասը, որը հիասթափվել էր Փաշինյանից, Քոչարյանին տեսնելով նորից վերադառնում է  Փաշինյանի մոտ և Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը ավելի իրատեսական է դառնում։  

-Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի իշխանությունն այդքան սարսափազդո՞ւ է, քան Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանությունը, որի ժամանակ հոկտեմբերի 27 ու մարտի 1 է եղել։  

-Իհարկե ոչ։ Քոչարյանի  իշխանությունն ավելի սարսափելի էր։ Եվ հիմա, իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանը իր պատկերացմամբ ուզում է  դաշտը չեզոքացնել, չեզոքացնել բոլորին։ Տեր-Պետրոսյանը շատ լավ իմացել է, որ այդ առաջարկի համար կքննադատվի, կհայհոյեն իրեն, պիտակներ կկպցնեն, բայց ինքը գնացել է ինքնախարազանման, որպեսզի քաղաքական դաշտը մաքրի նախկիններից՝ իրեն էլ հետը։ Բայց Տեր-Պետրոսյանը մի մեծ սխալ է արել։ Նա պետք է հաշվի առներ, թե մեր ժողովրդին ինչ մտքեր են այսօր ընկալելի։ Քաղաքագիտական մոտեցումները մեր ժողովրդի ճնշող մեծամասնությանն անհասկանալի են և դրա պատճառով  ժողովուրդը զայրույթով է լցվում իր նկատմամբ։ Նա պետք է հաշվի առներ, թե այդ առաջարկը ինչպես կընկալվեր։  

-Շարքային քաղաքացիների, ընտրողների համար այդ առաջարկը դիտվում է  որպես Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն։  

-Այո։ Գուցե դու քաղաքագիտական տեսանկյունից մտքեր ես արտահայտում, բայց իշխանություն ձևավորողը, վերջին հաշվով, ժողովուրդն է, ընտրողը և նրան բարդ բաներ ընկալելի չեն։ Ժողովրդի հետ ժողովրդի լեզվով պետք է խոսել։ Սա շատ մեծ ձևով կվնասի Տեր-Պետրոսյանին, ՀԱԿ-ին։ Ընտրողների մեծ մասը կհիասթափվի ու շատ ձայներ կկորեն ու ՀԱԿ-ի վարկանիշը նվազի։ Ես էլ եմ շատ վատ ընդունել Տեր-Պետրոսյանի այդ առաջարկը, բայց նաև փորձում եմ հասկանալ, թե ինչի համար է ինքը դա արել։ Ինքը ուզում է, որ մինչև հիմա եղածերը մաքրվեն և գան նոր էջից սկսողները։ Տեր-Պետրոսյանի առաջարկի տողատակում այս միտքն է։ Նա ռումբ է քցել քաղաքական դաշտում, որ բոլորը մաքրվեն, գան նոր էջից սկսողները ու երկիրը երկիր դարձնեն։

-Պարոն Մալխասյան, ինչ տարբերություն՝ Սերժ Սարգսյանը կամ Քոչարյանը դաշինքի ցուակում չլինեն, բայց մնացած ՀՀԿ-ականները կամ Քոչարյանի թիմակիցները գան։ Դրանց ինչպե՞ս կարելի է նոր էջից սկսող   անվանել։  

-Դե չգիտեմ։ Հանրապետականը քրեաօլիգարխիկ բանդիտների խումբ է։ Նոր եկածներն էլ բանդիտներ չեն, բայց նավը չեն կարողանում ղեկավարել։ Հիմա մի բան պետք է անել։ Բայց ես չեմ ասում՝ սատանայի հետ էլ  համագործակցենք, որ երկիրը փրկվի, բայց  քոչարյանասերժական ռեժիմը սատանայից էլ այն կողմ է, սատանայից էլ վատն է։ Նրանք քողարկված թշնամիներ են երկրի համար։ -Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդեն հրապարակավ մերժել են Տեր-Պետրոսյանին։ Նվաստացուցիչ չէ՞ առաջին նախագահի համար նման առաջարկ անել ու մերժվել այդ անձանց կողմից։  -Նրանք մերժել են Տեր-Պետրոսյանին, որովհետև նրանք գլխի են ընկել Տեր-Պետրոսյանի առաջարկի վտանգավորությունը։ Նրանք հասկացել են, որ այդ առաջարկն առաջին հերթին ուղղված է իրենց չեզոքացնելուն, ոչնչացնելուն։

Արփի Հարությունյան