Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամենակարևորը՝ ազնիվ և բարեխիղճ ծառայելու եմ համայնքին ու համայնքապետի բնակչությանը». Անիի համայնքապետի ՔՊ թեկնածու Արման Սարիբեկյան

Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում կայանալու են ավագանու արտահերթ ընտրություններ։ 

Այս անգամ ընտրապայքարի մեջ է մտել 4 քաղաքական ուժ. «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարն է Արտակ Գևորգյանը, «Հայկական երազանք» կուսակցությունը, առաջին համարն է Ագուն Սաղաթելյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմենակ Նաջարյանը, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համայնքապետի թեկնածուն Արման Սարիբեկյանն է, որը Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերին։

Քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սարիբեկյանի գլխավորությամբ, մարտի 5-ին այցելել է մի շարք բնակավայրեր՝ բնակիչների հետ հանդիպելու և կուսակցության ծրագիրը ներկայացնելու։

Հանդիպումներին ներկա էին նաև Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Վահագն Ալեքսանյանը, Էմմա Պալյանը, Գայանե Եղիազարյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Աղին և Սարակապ գյուղերում բնակիչներին հուզող խնդիրները հիմնականում նույնն էին՝ ասֆալտապատում, խմելու ջուր, շտապօգնության և այլ ծառայությունների մատուցում։

Սարակապում Մուշեղ Մուրադյանը իր խոսքում նշեց, որ լսելով բնակիչների բարձրացրած հարցերը՝ պատրաստ են քայլ-քայլ առաջ գնալ: «Տեղյակ եք, որ ձեր համայնքում գույքագրել ենք առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, և առաջիկայում մենք կունենանք տեսանելի պատկեր դրանց լուծումներ տալու առումով»,- ասաց նա։

Պատգամավոր Էմմա Պալյանը հիշեցրեց, որ եթե նախորդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը քվեաթերթիկում 7-րդ համարն էր, այս անգամ 6-րդն է, և կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ սպասվող ընտրություններին։
Վահագն Ալեքսանյանն իր խոսքում ընդգծեց, որ չնայած դժվարություններին՝ տեղի բնակիչներն ապրում և արարում են իրենց հողի վրա: «Հենց Անի համայնքում եղել է համայնքապետ, որը ոչ մի անգամ չի դիմել սուբվենցիոն ծրագրին»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ մարզի այլ համայնքներում շատ ծրագրեր են իրականացվում։ 

Համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանը խոստացավ, որ ազնիվ և հետևողական բոլոր խնդիրներին ուշադրություն են դարձնելու։ Նա նշեց, որ ավելի հեշտ կլինի, եթե բնակիչները խոսեն առկա խնդիրներից։
 
Աղինի բնակիչներից մեկը նշեց, որ իրենց ամենաշատ հուզող հարցը դաշտամիջյան ճանապարհներն են. «Ուղղակի խնդրում եմ ճանապարհները սարքել, ահավոր վիճակ է, մարդկանց տեխնիկաները ջարդվում են»։

Մեկ այլ բնակիչ մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի խնդիրներից է նաև լուսավորության բացակայությունը։ Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունեն ընտրություններից և համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանից, բնակիչը ասաց. «Դե, պարոն Սարիբեկյանը նոր ընտրվող համայնքապետ է, կաշխատի՝ կտեսնենք»։ 

Աղին բնակավայրում Արման Սարիբեկյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի, եթե բնակիչները հարցեր բարձրացնեն. «Հասկանանք՝ ինչ խնդիրներ ունեք, որպեսզի դրանց լուծումներ տանք»։ Սարիբեկյանը, դիմելով բնակիչներին, խոստացավ, որ ամեն գնով եղած խնդիրները լուծումներ են ստանալու։

Մարզպետը հավելեց, որ կարճ ժամանակահատվածում էական փոփոխություններ են լինելու, որոնք կլինեն տեսանելի. «Շատ ուրախ եմ կրկին տեսնել ձեզ, մեր այցելությունները բնակավայրեր կլինեն պարբերաբար, և այսօր նաև փաստ է, որ մեր հարգարժան պատգամավորներն են այցելել»։

Վահագն Ալեքսանյանն  էլ նշեց, որ այն, ինչ խոստանում է Արման Սարիբեկյանը, միայնակ չի անելու: «Դա անելու է մեր օգնությամբ, մեր աջակցությամբ, պետք եղած դեպքում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ենք ինչ-որ հարց բարձրաձայնելու»,- ասաց նա և հավելեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն։

Բնակիչներից մեկն իր խոսքում ասաց, որ շատ ուրախ են հանդիպման համար, որովհետև ունեն հնարավորություն բարձրաձայնելու մի շարք խնդիրներ. «Տարիներ շարունակ խնդիրներին բախվելով՝ չենք կարողացել լուծում տալ, ես ուզում եմ հավատալ, որ Արման Սարիբեկյանը այդ խոստումներին տեր կկանգնի»։ 

Աղին գյուղի վարչական ղեկավար Արմենակ Համբարձումյանի խոսքով՝ գյուղի խնդիրները լուծելու ակնկալիքով կանգնած են Արման Սարիբեկյանի կողքին, և որ բնակիչներն էլ են այդպես մտածում։  

Եզրափակելով հանդիպումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանը վստահեցրեց, որ տիրապետում է բոլոր խնդիրներին. «Ու գիտեմ՝ ով որ բնագավառում ինչ չարաշահումներով և ինչով է զբաղված եղել, բոլոր աշխատողները մատների արանքով են նայել ամեն ինչին»։
 
Գեղամ Ադյան