Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նպատակն է նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծել. Վարչապետը՝ ԼՂ-ում մարտի 5-ի ահաբեկչության մասին

«Իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում»,- այսօր՝ մարտի 9-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը:

 «Մարտի 1-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների 1-ին հանդիպումը, որից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց այդ սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է նկարագրել: Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին երեք ոստիկաններ, որոնք բոլորն էլ ծնվել և ընտանիքներ էին կազմել ԼՂ-ում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ ահաբեկչական ակտով Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում:

 «Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է»,- ասաց նա և հավելեց, որ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա: 

Վարչապետը, անդրադառնալով Ադրբեջանի սադրանքի մյուս նպատակներին, մասնավորապես ասաց, որ նրանց նպատակն է ստեղծել կեղծ ապացույցներ, թե ՀՀ-ից զենք-զինամթերք է տեղափոխվում ԼՂ:

«Գնալով ավելի ու ավելի անհապաղ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ հայերին էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունը»,- ասաց վարչապետը և վերահաստատեց տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում