Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրենքի սույն նախագիծը շատ քիչ է առնչվում Արցախին․ սա ուղերձ է Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանին և մեր ընդհանուր ապագային»․ Արման Բաբաջանյան

«Օրենքի սույն նախագիծը շատ քիչ է առնչվում Արցախին․ սա ուղերձ է Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանին և մեր ընդհանուր ապագային»․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
11:50, 17 февраль 2021

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է ԱՀ ԱԺ-ում քննարկման ներկայացված օրինագծի մասին, որով առաջարկվում է ռուսերենը դարձնել Արցախի պաշտոնական լեզու։


«Հուսամ Արցախում առնվազն որոշ ողջամիտ շրջանակներ մնացել են և  հասկանում են, որ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելը անշրջելի գործընթաց է, որն ամենևին լեզվի մասին չէ: 


Նախագիծը Արցախը, արցախյան վերջնական կարգավորման գործընթացը, Արցախի շուրջ զարգացումների բոլոր հեռանկարները ռուսական ուղեծրում հավերժացնելու, Արցախի կարգավիճակի հարցը բացառապես ռուսական բարեհաճությանը հանձնելու մեր հայրենիքի արցախյան հատվածի ապագայի դեմ ակտ է: 


Օրենքի սույն նախագիծը շատ քիչ է առնչվում Արցախին: Սա ուղերձ է Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանին և մեր ընդհանուր ապագային: Սա ուղերձ է Արցախի կայուն և երկարատև խաղաղության հասնելու գլոբալ ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահությանը: 


Այս պայմաններում Մինսկի խումբը որոշ ժամանակ ևս կշարունակի գոյություն ունենալ, տեսակապի միջոցով հանդիպել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, ապա հարցը սահուն կերպով կտեղափոխվի Մոսկվա՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի քննարկումների օրակարգ: Օրեր առաջ այդ երկրի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդևը հայտնել էր, որ Մոսկվան Արցախի հարցի հետ կապված դետալները Թուրքիային իրազեկելու, նրա հետ քննարկելու անխուսափելի անհրաժեշտություն է տեսնում: 


Վտանգված է մեր հայրենիքի անկախությունը և սույն նախաձեռնությունն ահազանգ է արցախյան և հայաստանյան այն բոլոր քաղաքական ուժերին ում համար Արցախի և Հայաստանի ինքնիշխան, միասնական, ժողովրդավարական, արժանապատիվ ապագան այլընտրանք չունի»,- ասված է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ։