Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի դեմ մահափորձի գործով մեղադրյալին չկալանավորած դատավորն ասում է, որ բոլորը պետք է դատավորի անկախության համար պայքարեն

Վարչապետի դեմ մահափորձի գործով մեղադրյալին չկալանավորած դատավորն ասում է, որ բոլորը պետք է դատավորի անկախության համար պայքարեն
Քաղաքականություն
15:27, 07 май 2021
«Որևէ պաշտոնյա, պետք է իր արտահայտություններով, իր խոսքով, իր գնահատականներով հնարավորինս զերծ մնա, որպեսզի չկաշկանդի որևէ մեկին, այդ թվում՝ կլինի դատավոր, կլինի քննիչ, կլինի դատախազ, որևէ մեկին չպետք է կաշկանդի իր գործողությունների մեջ»,-այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ նրանք պետք է որևէ կանխակալ մոտեցում չարտահայտեն այս կամ այն գործի հետ կապված, կարող են ընդհանուր բաներից խոսել, կամ ինչ-որ չեզոք գնահատականներ տան, իրավական հարթության մեջ լինի, բայց եթե կողմնակալ գնահատականներ են տալիս, անթույլատրելի է համարում։

Խոսելով նաև ԲԴԽ-ի գիտնական և դատավոր անդամների գործունեության մասին՝ դատավորն ասաց, որ ԲԴԽ-ն միայն չի ստեղծվել, որ դատավոր անդամները պաշտպանեն դատավորներին, այլ ԲԴԽ-ի հենց գաղափարն այն է, որ չպետք է տարանջատել գիտնականներ, թե դատավորներ։ 

«Բոլորը պետք է դատավորի անկախության համար պայքարեն։ Հետևաբար ես փորձում եմ հավատալ, որ կապ չունի դատավոր, թե գիտնական պետք է գործեն այդ սկզբունքով։ Իսկ եթե մենք պետք է ասենք այ դատավորները քիչ են, ուրեմն՝ ստացվում է գիտնականներն ունեն մեծ ցանկություն դատավորներին պատժելո՞ւ, դա իմ համար ընդունելի չէ»,-ասաց Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանն այն դատավորն է, որն ամիսներ առաջ վարչապետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշում էր կայացրել։

Ի դեպ, մի քանի օր առաջ նա հայտարարել է, թե Արդարադատության նախարարությունն իր դեմ կարգապահական վարույթ է հարուցել այդ որոշման համար։