Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բահրեյնում խոսել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին․ Հասմիկ Հարությունյան

Բահրեյնում խոսել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին․ Հասմիկ Հարությունյան
Քաղաքականություն
14:08, 11 март 2023
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը խոսել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

««2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը։  Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը  (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, և որ Ադրբեջանը օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները»։

 Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից՝ նշել եմ, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու համար դատարանի որոշումը։

«Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։  Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչի վրա, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց»։

Նաև ներկաներին կոչ եմ արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները»,- գրել է նա։