Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը
Քաղաքականություն
19:45, 07 май 2021
Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակեց պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:

Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն էր:

Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, ըստ այդմ՝ օրենքների նախագծերը փոփոխությունների չեն ենթարկվել:

Համազասպ Դանիելյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ, մասնավորապես, հստակեցվել է ընտրությունների անցկացման կարգը ռազմական եւ արտակարգ դրությունների պայմաններում: «Ընտրողների ցուցակներում կարեւոր փոփոխություն է եղել, որը հնարավորություն կտա մինչեւ 200 000 անձանց անուններ հանելու ցուցակներից: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր: Ֆինանսական թափանցիկության առումով պարտադիր է լինելու այնպիսի ծախսային պարտավորությունների հայտարարագրումը, ինչպիսիք են շտաբների վարձակալությունը եւ աշխատողների աշխատավարձերը»,- նշեց նա:

Հիմնական զեկուցողն ընդգծեց, որ հստակեցվել են նաեւ քաքաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության կանոնները:
Հարակից զեկուցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ միակ առաջարկը եղել է իրենը, որը կրել է տեխնիկական բնույթ:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ Կառավարության կարծիքը դրական է, եւ հորդորեց կողմ քվեարկել:
81 կողմ ձայնով խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեսդրական փաթեթը: