Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը որևէ շանս չունի. իրենք փորձելու են «հարամել» ընտրությունները

Քոչարյանը որևէ շանս չունի. իրենք փորձելու են «հարամել» ընտրությունները
Քաղաքականություն
20:15, 07 май 2021
Մայիսի 9-ին՝ ժամը 16։00-ին Ազատության հրապարակում կտրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագործակցության մեկնարկը։ Այս ուժերը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս պատրաստվում է մայիսի 9-ին Ազատության հրապարակում ելույթով հանդես գալ։  

Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ անգամ նման դաշինքի դեպքում Քոչարյանը որևէ շանս չունի, և իրենք ընտրություններին կտապալվեն: «Իմ մասնավոր կարծիքով՝ իրենք կտապալվեն, բայց վերջնական արդյունքը ընտրությունները ցույց կտան։ Իրենց հույսը Սյունիքն է, բայց ես չեմ կարծում, որ ամբողջ Սյունիքն իրենց կողքին է, իրենց հետ է ու իրենց է ընտրելու։ Եթե իրենք վերջին միջադեպով են դատում, ապա  այդ միջադեպին 50-60 մարդ էր մասնակցում։ Դա սովորական խուլիգանություն էր ու դրանով եզրահանգումներ անել հնարավոր չէ»,- ասաց Խաչատրյանը։  

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում սպասվող հավաքին, ելույթին, ապա Խաչատրյանն ասաց, որ Դաշնակցությունն իր անդամներին կտանի, որոշներին էլ կբերեն. «Դաշնակցության անդամները կգնան, իրենց կուսակցությունն է, հպարտ կեցվածք կարող են ընդունել Ազատության հրապարակում։

Այդ դաշինքի մասնակիցները ֆինանսական մեծ ռեսուրսների են տիրապետում, կարող են մեծ խոստումներ տալ, բայց ես չեմ կարծում, որ դրանց տիրապետած ֆինանսական ռեսուրսներն ազդեցություն ունենան առաջիկա ընտրությունների վրա։ Քաղաքացիների մեծ մասը գիտակցում է, որ դա նշանակում է  վաճառել սեփական ապագան։ Կարծում եմ քաղաքացիները դրան չեն գնա»,- եզրափակեց Խաչատրյանը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ Քոչարյանի ու նորաստեղծ դաշինքի միակ հենարանը Սյունիքի մարզ չէ, նրանք Հայաստանի այլ մարզերում ունեն լուրջ հենարան և իրենք եթե ընտրություններին լուրջ հաջողության  չհասնեն, ապա փորձելու են «հարամել» ընտրությունները և ներքաղաքական իրավիճակը լարել: «Հարամել ասելով ես նկատի ունեմ այն, որ նրանք փորձելու են տեղամասերում լարել վիճակը, սրել վիճակը, փողոցային  լարվածություն առաջացնել և այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ընտրություններում ով էլ հաղթի, լեգիտիմության շատ լուրջ խնդիրներ ունենա։ Իրենք ունեն մինիմում և մաքսիմում ծրագիր։ Իրենց մաքսիմում ծրագիրն է ընտրությունների միջոցով  հաջողության հասնել և դրա համար իրենք ունեն անհրաժեշտ  ֆինանսական ու մեդիառեսուրս, իսկ եթե չստացվի, փորձելու են վարկաբեկել, հարամել ընտրությունները, որպեսզի հաջորդ իշխանությունները լեգիտիմության խնդիր ունենան և ներքաղաքական իրավիճակն անընդհատ լարված մնա»,- ասաց Բաղդասարյանը։  

Ի տարբերություն Խաչատրյանի, Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ այս ընտրություններին նրանց տնօրինած ֆինանսական ռեսուրսները էական նշանակություն կունենան։ Այդ ռեսուրսներով նրանք բավականաչափ  մարդկանց կբերեն Ազատության հրապարակ մայիսի 9-ին, բայց էականը ոչ թե մարդկանց թիվն է, այլ այն, թե Քոբերտ Քոչարյանը ինչ տեսլական է ներկայացնելու։ «Նա ստիպված է լինելու տեսլական ներկայացնել, և մարդիկ կհասկանան, թե նա իր վերադարձից հետո ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել։ Մինչ այս, իր հարցազրույցներում նա կենացների մակարդակով ասել է, թե ինչ է պետք անել , ինչ արդյունք է ուզում ստանալ, բայց բոլորը պարտավոր են ճանապարհային քարտեզ ներկայացնել։ Հասարակությունն էլ, տեսնելով թե դա ինչքանով է իրատեսական, կորոշի՝ ձայն տալ իրենց, թե՝ ոչ։ Հասարակությունը կգնա միայն իրատեսական ծրագրերի հետևից ու ձայն կտա բացառապես իրատեսական ծրագիր ներկայացնող քաղաքական ուժին»,- եզրափակեց Բաղդասարյանը։

Արփի Հարությունյան