Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում․ Էդմոն Մարուքյանը հակադարձել է Հաջիևին

Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում․ Էդմոն Մարուքյանը հակադարձել է Հաջիևին
Քաղաքականություն
13:14, 13 март 2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը՝ գրելով․ «Հաջիևը պնդում է, թե ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չպետք է լինեն. Նա պնդում է, թե դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կրկին պետք է հիշեցնեմ. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Դա ամենևին անընդունելի և վտանգավոր մոտեցում է», - ասել է նա ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, թե այդ մասին խոսք լինել չի կարող, Բաքուն երբեք դրան չի համաձայնել, և Երևանի պնդումներն այդ կապակցությամբ անտրամաբանական են, ուղղված են «արհեստական լարվածություն ստեղծելուն»։

«Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ», - ասել է Իլհամ Ալիևի օգնականը: