Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միասնաբար պետք է լուծենք մեր համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները. Սիսիանում քարոզարշավն ակտիվ փուլում է

Շարունակվում է Սիսիանում մարտի 26-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շրջայցեր է կատարում համայնքի տարբեր վարչական շրջաններում, հանդիպումներ ունենում բնակիչների հետ։

ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանը նոր չի, որ պետք է ծանոթանա համայնքում առկա խնդիրներին։ Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակահատվածում հասցրել է ծանոթանալ դրանց։ Ավելին՝ այս ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են հասցրել իրականացնել՝ չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին, որոնք կապված են ավագանու՝ մանդատները վայր դնելու և բյուջեն չհաստատելու հետ։ 

Իշխանասարում բնակիչների հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, բնակիչները բարձրացրին նաև գյուղի տրանսպորտի հարցը։ Հակոբջանյանը նշեց՝ փորձել են մրցույթներ իրականացնել, սակայն եկամտաբեր չլինելու պատճառով մասնակիցներ չեն եղել։ Այժմ այլ մեխանիզմ են մշակում՝ հարցը լուծելու համար։

Հաջորդ հիմնական խնդիրը կապված էր հողեր չունենալու և մշակել չկարողանալու հետ։ Համայնքում եղած հողերը երկարաժամկետ վարձակալության են տրված մի քանի անձի։
Թեկնածուն խոստացավ՝ պայմանագրերը լրանալուց հետո այդ վարձակալների հետ այլևս չի երկարաձգելու դրանց ժամկետը։ Այդ հողերը արդեն բնակիչները կկարողանան մրցութային կարգով իրենք վարձակալել։

Հաջորդ համայնքում անցած տարի կատարվել էին ասֆալտապատման աշխատանքներ։ Այստեղ էլ բնակիչները կոյուղու ջրագծի խնդիրը բարձրացրին։ Լուծելի հարց է՝ նշեց Արմեն Հակոբջանյանը։ Խոստացավ այս տարվա բյուջեով խնդրին լուծում տալ։

Վաղատինում քարոզարշավի մասնակիցներին միացավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Վերջինս ասաց, որ միասնաբար պետք է լուծեն համայնքի առջև դրված բոլոր խնդիրները։

Վաղատին և Աղիտու բնակավայրերում այս տարի արդեն հաստատվել և իրականացման փուլում է գտնվում խմելու ջրի ջրագծերի անցկացման հարցը։ Շուրջ 360 մլն դրամ է ծախսվելու։ 
Աղիտուի բնակիչները բացի խմելու ջրից, բարձրացրին նաև գազամատակարարման հարցը։ Գազի խողովակներն անցնում են գյուղով, բնակարանները, սակայն, գազիֆիկացված չեն։

Արմեն Հակոբջանյանը նշում է՝ բյուջեում շուրջ 1 մլրդ 100 մլն դրամ կա, որը չեն կարողանում ծախսել՝ ավագանի չունենալու պատճառով։ Նոր ավագանու ձևավորումից հետո կկարողանան ոչ միայն այդ գումարը ծախսել և ծրագրեր իրականացնել, այլև մասնակցել սուբվենցիոն ծրագրերին՝ կրկնապատկել նշված գումարը։ Բացի դրանից՝ Ամուլսարի շահագործումից հետո համայնքը նաև Ամուլսարից է գումարներ ստանալու։ Հակոբջանյանը նշում է՝ յուրաքանչյուր տարի այսքան գումարի ծրագրեր իրականացնելով Սիսիան խոշորացված համայնքը չի ունենա չասֆալտապատված, չլուսավորված փողոցներ, բոլոր համայնքներում կանցկացվեն խմելու ջրի և ոռոգման խողովակներ, կնորոգվեն տանիքներ, կլուծվի համայնքի տրանսպորտի հարցը։

Վովա Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում