Քաղաքացիակենտրոն
լրատվություն

30 տարի Սիսիանը անտեսված է եղել, հիմա վերջապես մեր վրա էլ է «արև կպել». Սիսիանում ընթանում է ՏԻՄ քարոզարշավը

Մարտի 26-ին Սիսիան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում է այցելությունները համայնքի վարչական շրջաններ։ Համայնքապետի թեկնածու Արմեն Հակոբջանյանն ավելի քան մեկ տարի է՝ զբաղեցնում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ծանոթ է համայնքում առկա խնդիրներին և այս մեկ տարի ու մի փոքր ավելի ժամանակահատվածում, չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին, որոնք պայմանավորված էին ավագանու անդամների մանդատները վայր դնելու հետ, հասցրել է որոշակի ծրագրեր իրականացնել։ Թեկնածուն խոստանում է՝ ընտրվելուց հետո ավելի խոշորածավալ աշխատանքներ կիրականացվեն, ծրագրերի մեծ փաթեթ է ներկայացնում բնակիչներին։ 

«Մուցք բնակավայրում, ինչպես և համայնքի բնակավայրերից մեծամասնությունում, խնդիրները բազմաթիվ են։ 30 տարի համայնքը տարբեր պատճառներով անտեսված է եղել»,- ասում է թեկնածուն և ավելացնում՝ այժմ եկել է ժամանակը բարեկարգելու համայնքը, մեծածավալ ծրագրեր իրականացնելու։ Գումարներ կան, նշում է Հակոբջանյանը, ընդամենը ժամանակ է պետք խնդիրները հերթականությամբ և ըստ առաջնահերթությունների լուծելու համար։

Համայնքի մյուս խնդիրը գյուղ տանող ճանապարհի անբարեկարգ լինելն է։ Նախորդ տարի ասֆալտապատվել է մինչև Շաղատ համայնք տանող ճանապարհը, հաջորդ փուլով էլ կասֆալտապատվի արդեն դեպի Մուցք տանող հատվածը։ 

Հակոբջանյանը, անդրադառնալով գյուղի տրանսպորտի հարցին, ասաց, որ հնարավոր է համայնքն ինքը իրականացնի ուղևորափոխադրումներ։ Պետք է համայնքային ՀՈԱԿ ստեղծել, ավտոպարկ ունենալ և լուծել տրանսպորտի հարցը։

Հաջորդ կանգառը Բալաք բնակավայրն էր։ Այստեղ էլ ՔՊ թեկնածուն ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացրել են և պատրաստվում են իրականացնել ապագայում։

Արմեն Հակոբջանյանը կոչ արեց բնակիչներին անպայման մասնակցել ընտրություններին՝ անկախ նրանից, թե ում կքվեարկեն, սակայն ավելացրեց՝ լավ կլինի, եթե մարդիկ իրենց վստահության քվեն տան իր թիմին, քանի որ Կառավարության հետ համատեղ աշխատանքով Սիսիանում խոշորածավալ ծրագրեր են իրականացնելու՝ մեծ գումարներ են ներդրվելու Սիսիանում։

Բալաքում ծնված, ամբողջ կյանքը այս գյուղում ապրած Բագրատ Ներսիսյանն ասում է՝ բացի ճանապարհից, նաև գյուղի մշակույթի տան անբարեկարգ վիճակն ու տրանսպորտի հարցն է հուզում բնակիչներին։

Շաղատում էլ, ինչպես մյուս բնակավայրերում, Արմեն Հակոբջանյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ համայնքի բյուջեում կա 1 մլրդ 100 մլն դրամ գումար, որը համայնքը չի կարող ծախսել՝ ավագանի չլինելու պատճառով, նաև ասաց՝ սուբվենցիոն ծրագրով այդ գումարը կարող է կրկնապատկվել, բացի դրանից, Ամուլսարն է շահագործվելու, և որպես ազդակիր համայնք Սիսիանը ևս՝ Ջերմուկի և Վայքի հետ միասին, հատկացումներ է ստանալու՝ մոտավորապես համայնքի տարեկան բյուջեի չափով։ Այս գումարներով, ըստ Հակոբջանյանի, մի քանի տարվա ընթացքում Սիսիան խոշորացված համայնքում չեն լինի չասֆալտապատված, չլուսավորված, առանց ոռոգման և խմելու ջրի գյուղեր, կիրականացվեն մեծաթիվ ծրագրեր։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն էլ շնորհակալություն հայտնեց շաղատցիներից՝ սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում իրենց թիմին տրված քվեների համար, և հույս հայտնեց, որ այս անգամ ևս շաղատեցին իր վստահության քվեն կտա «Քաղաքացիական պայմանագրին»։ 

Վովա Հակոբյան

Մանրամասն՝ տեսանյութում