Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Յութուբ կոտրած» ռեպորտաժից հետո հանրությունն ակնկալում է, որ «Առավոտ»-ը ռեպորտաժների շարք կսկսի իր ֆինանսական դոնորների արդար եկամուտների մասին

«Յութուբ կոտրած» ռեպորտաժից հետո հանրությունն ակնկալում է, որ «Առավոտ»-ը ռեպորտաժների շարք կսկսի իր ֆինանսական դոնորների արդար եկամուտների մասին
Քաղաքականություն / Հայաստան
20:05, 16 март 2023
«Առավոտ»-ը ինտրիգային  վերնագրով  մի ռեպորտաժ է թողարկել,  որում հեղինակը ահեղադղորդ տոնայնությամբ ներկայացնում է  իշխանության ներկայացուցիչների ունեցվածքի մասին տվյալներ՝  նրանց համեմատելով  հայտնի հեքիաթի հերոսի՝ Չախչախ թագավորի հետ։  «Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»՝ ռեպորտաժն այսպես է վերնագրել  հեղինակը՝ հատուկ նպատակով շեշտելով «պատերազմի տարում» կապակցությունը՝ հասարակության մոտ պատերազմի տարում հարստացածների նկատմամբ ցասում, անառողջ գրգիռներ առաջացնելու համար։  
 
Գոնե մեկ այլ՝  հեթիաքային հարմար հերոսի թեկնածություն ընտրեին  համեմատության համար, թե չէ, ովքեր  կարդացել են Թումանյանի հեղինակած հիշյալ  հեքիաթը, կհիշեն, որ այդպիսի անունով թագավոր գոյություն չուներ, դա խորամանկ «Քավոր աղվեսի» հորինած կերպարն  էր,  իրականում՝ ջրաղացպանը, որին աղվեսը  միտումնավոր  վերագրում էր ահռելի կարողություն՝ հողեր, ոչխարի հոտ, ապարանք և այլն․․․

Թե ինչ «ահռելի»   գույքի ու կարողության տեր են ՔՊ-ականները՝ հետաքրքրվողները կարող են ծանոթանալ նրանց եկամուտների հայտարարագրերից։ Բայց մի նկատառում՝ տեսնես նմանատիպ ռեպորտաժ  նույն «Առավոտ»-ը պատրաստե՞լ է  Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ ցույց տալու վերջիններիս, նրանց թիմակիցների, նրանց  օրոք բարձր պաշտոններ զբաղեցրածների առասպելական գույքի և կարողությունների մասին։ Որքան հիշում ենք՝ ոչ։  Ուշադրության է արժանի այն, որ «աշխարհացունց» այդ ռեպորտաժով կիսվել է ոչ դես, ոչ դեն՝ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա,  ում  կուսակից ընկերներից մեկի՝ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի գույքը  ապօրինի ծագում ունենալու հիմքով   բռնագանձման է ենթակա։  Այստեղ տեղին է  դասականին ոճով ասելը ՝ «Արմեն ջան, սիրուն չի, բա Տարոնի կալվածքների մասին գյոզալական հետաքննությունը թողած, ՔՊ-ի ներկայացուցիչների գույքի մասին ռեպորտաժով ե՞ս կիսվում»։ Ինչևէ։   
 
Ընթերցողին հիշեցնենք, որ ժամանակին՝ նախքան հեղափոխությունը, Երևանի  նախկին քաղաքապետ, «արդար քրտինքով» տուն-տեղ դրած, գույք ու եկամուտ կուտակած, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի  Տարոն Մարգարյանի մասին ծավալուն մի երկմասանի  հետաքննություն  հրապարակվեց, որտեղ մանրամասն, հատիկ  առ հատիկ ներկայացվում էին պարոն Տարոնի անթիվ-անհամար տներն ու հողամասերը, պերճանքի առարկաներն էլ՝ վրադիր, որոնք վերջինս ձեռք էր բերել քաղաքապետի իր համեստ աշխատավարձով։ Հուշում «Առավոտ»-ի մեր գործընկերներին՝ եթե Չախչախ թագավորի (իսկական, ոչ թե՝ հեքիաթային) կերպար եք փնտրում, ապա  լավագույն թեկնածուն հենց ինքը՝ Տարոն Մարգարյանն է։ Եվ ոչ միայն նա։ 
 
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Միանսյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Դատական ակտերի նախկին հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը և լիքը  այդպիսի թեկնածուներ՝ իրենց գլխապտույտ առաջացնող,  և որ ամենակարևորն է՝ ապօրինի  ծագում ունեցող ունեցվածքով,  կարող էին ցնցող ռեպորտաժների ճոխ նյութ ապահովել։

 Ի դեպ, քանի որ հընթացս  Աշոտյանի անունը հոլովեցինք,  Աշոտյանով էլ ավարտենք, ավելի ճիշտ,  նրա այս սենսացիոն «խոստովանական ցուցմունքով»՝  «մենք չենք ցանկացել ժողովրդի կողմից սիրելի լինել, այլ փորձել ենք էֆեկտիվ լինել»։  «Կոպիտ ասած՝ զավոդի տնօրենին կարող են չսիրել, բայց զավոդի տնօրենը զավոդն ընենց պետք է աշխատացնի, որ կողքից չհարձակվեն,  գողություն չանեն, մարդ չտփեն, արտադրության մեջ հնարավորինս շատ մարդ չվնասվի, վերջում էլ՝ աշխատավարձը ստանան։ ․․․ՀՀ նախկին իշխանությունները ոչ սուրբ էին, ոչ էլ հավակնում էին այդպիսին լինել, նրանք հայ էին։ Մեջները, ինչպես ցանկացած հայի, խաբող մարդիկ, դեմքեր հայտնվում էին, այո, գալիս, փողերը աշխատում, առաջ ընգնում, հետո՝ թռնում։ Մեզ 2018 թվին չէին սիրում էն մարդկանց պատճառով նաև,որոնց մեծամասնությունը հետո թռավ Հանրապետականից»։ 
 
Աշոտյանի այս շեդեվրալ անկեղծությունը երկու բանի մասին է վկայում՝ Սերժ Սարգսյանը երկիրը ղեկավարել է ոչ թե  որպես պետություն, այլ որպես «զավոդ», ինքն էլ եղել է ոչ թե նախագահ, այլ՝ «զավոդի  դիրեկտոր»։ Իսկ զավոդը  էֆեկտիվ կառավարելու մասին խոսք լինել չի կարող, այլապես  Աշոտյանի ասած «գողերը»  այդպես մասսայաբար  չէին հարձակվի պետական ունեցվածքի վրա ու անգթաբար չէին  թալանի։  
 
Երկրորդ՝ Աշոտյանը խոստովանում է, որ  ՀՀԿ-ն և իշխանությունն ընդհանրապես, որոշ իշխանավորների համար ծառայել է որպես տանիք, ինչպես նախկին պաշտոնյաներից մեկն էր ասում՝ «կռիշ», որի տակ պատսպարվելով՝ «խաբողները» փող են աշխատել, «առաջ ընգել», հետո էլ՝  հարմար պահի, «թռել»։ Հանուն արդարության նշենք, որ ոչ սուրբ Սերժ Սարգսյանն իր անձնական օրինակով կարող է գլխավորել «խաբող, առաջ ընգնողների» ցուցակը։ Այդ  նա էր, չէ՞, որ ընտրություններում «ինչքան ուզում, էդքան խփում էր»՝ խաբում ու մյուսներից առաջ էր  ընկնում՝ դրանից բխող թավշյահեղափոխական հետևանքներով։ 
 
Ի դեպ, վատ չէր լինի, որ «Առավոտի» ներկայացուցիչները նույնպես հանրությանը հիմնավորում ներկայացնեին, թե հատկապես որքա՞ն աշխատավարձով և ի՞նչ եկամուտով են «պատերազմի տարում» և դրանից առաջ տներ ու մեքենաներ գնել։ 
 
Հ․Գ․ Ակնկալում ենք, որ պատկան մարմինները հնարավորինս արագ կբացահայտեն, թե ով էր կոտրել «Առավոտի» յութուբյան էջը, և հանրությունը կիմանա դրա մասին, իսկ մեղավորը կպատժվի։
  
Անուշ Վարդանյան