Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արհեստական աղմուկ, իրավական աճպարարություն ՍԴ դատավոր, Վարդենիսում տեղի ունեցած դաժան սպանության գործով նախկին փաստաբան Սեդա Սաֆարյանի անվան շուրջ. Աղմկարարները ընդդիմադիր հայտնի խմբակի անդամներն են

Արհեստական աղմուկ, իրավական աճպարարություն ՍԴ դատավոր, Վարդենիսում տեղի ունեցած դաժան սպանության գործով նախկին փաստաբան Սեդա Սաֆարյանի անվան շուրջ. Աղմկարարները ընդդիմադիր հայտնի խմբակի անդամներն են
Քաղաքականություն
14:48, 17 март 2023
Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ ընդդիմության հայտնի խմբակի կողմից տևական ժամանակ է՝ քարոզչական արշավ է սկսվել, որի նպատակը ապացուցելն է՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորի լիազորությունների հետ անհամատեղելի գործունեությամբ է զբաղվել։ ՍԴ դատավոր Ս. Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողով դիմումներ են ուղարկել փաստաբաններ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ու «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։ Նրանք և նրանց ձայնակցող որոշ՝ նախկին իշխանության հետ աֆիլացված փաստաբաններ շաբաթներ շարունակ պնդում են, որ դեկտեմբերի 16-ից դատավորի լիազորությունները ստանձնած Սաֆարյանը զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ավելի կոնկրետ՝ փաստաբանությամբ, այն է՝ «ավելի քան մեկ ամիս Սաֆարյանը պետռեգիստրում ունեցել է անհատ ձեռներեցի կարգավիճակ, իսկ դա անհամատեղելի է դատավորի գործունեության հետ»։ 

Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, քանիցս պարզաբանումներ է ներկայացրել այս առնչությամբ։

Մասնավորապես նշել է, որ որպես փաստաբան՝ Սեդա Սաֆարյանը 2022 թ. դեկտեմբերի 5-ին է ներկայացրել իր վերջին՝ վերաքննիչ բողոքը, այսինքն՝ մինչև ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելը՝ դեկտեմբերի 16-ը։ Ստյոպա Սաֆարյանը նաև հրապարակել էր ՍԴ-ի քաղվածքը (այն հրապարակել էին նաև Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը), ըստ որի՝ ՍԴ-ում 2023 թ. հունվարի 10-ին Սեդա Սաֆարյանի պնդմամբ տեղի է ունեցել աշխատակարգային նիստ, որին մասնակցել են ՍԴ դատավորները, այդ թվում՝ հանրությանը քաջ հայտնի Հրայր Թովմասյանը, ինչպես նաև ՍԴ այլ աշխատակիցներ։ Նիստի օրակարգում եղել է Սեդա Սաֆարյանին վերաբերող հարցի քննությունը, որը, ըստ քաղվածքի, օրակարգ է ներառվել «Սեդա Սաֆարյանի զեկուցմամբ»։ Սեդա Սաֆարյանը հիշյալ հարցի քննարկման ժամանակ հայտնել է, որ դեկտեմբերի 5-ին, որպես գործող փաստաբան, տարիներ առաջ Վարդենիսում տեղի ունեցած՝ անչափահաս աղջկա դաժան սպանության գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան։ «Այս գործով, քանի որ Սեդա Սաֆարյանը որպես փաստաբան մասնակցում է 2004 թվականից, վերջին վերաքննիչ բողոքն է տանում քննչական մարմինների կողմից կայացրած որոշման դեմ, որոնցով ասվում է, որ սպանությունը չենք կարողանում բացահայտել, քանի որ մեղադրյալներ Նարինե, Բագրատ, ինչպես նաև նրանց դուստր Արևիկ Նալբանդյանների տված ցուցմունքները մեզ համար բավարար չեն։ Սեդա Սաֆարյանը նշել է, որ դեկտեմբերի 5-ին ինքը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, բայց քանի որ առաջին ատյանի դատարան բողոք ուղարկված լինելը հավաստող կտրոնը չի եղել, դա կցել է և բողոքը վերստին ուղարկել»։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի հրապարակած ՍԴ քաղվածքի՝ ՍԴ որոշ դատավորներ կարծիքներ են հայտնել այս առնչությամբ։ «Ինչ է հետևում այս ամենին՝ բոլորը հասկացել են, որ տեխնիկական խնդիր է եղել կտրոնի բացակայությունը, որը շտկվել է, փաստաբանի դասական ներկայացվածության մասին խոսք լինել չի կարող, և հետևաբար՝ հարցը փակված է»:

(«Ազատության» հետ զրույցում Սեդա Սաֆարյանը կարճ մեկնաբանել էր եղելությունը։ «Դեկտեմբերի 5-ին գրված բողոքը հետ է վերադարձվել՝ պատճառաբանությամբ, որ պակասում ա ինչ-որ փաստաթուղթ։ Դա դրվել է, հետ ուղարկվել։ Դա նոր բողոք չի եղել, դա դեկտեմբերի 5-ի բողոք է»)։ Բայց քանի որ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը և մյուսները այլ բան չեն գտել, ստիպված են եղել ընդունել, որ կա վերաքննիչ բողոքը դեկտեմբերի 5-ին ուղարկած լինելու հանգամանքը, այժմ էլ նշել են, թե իբր Սեդա Սաֆարյանն իր՝ «Սեդա Սերյոժայի Սաֆարյան» ԱՁ-ն փակել է ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելուց 32 օր անց, այսինքն՝ դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 17-ը զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ։ Եվ, ինչպես նշել են մեր իրավաբանական մտքի տիտանները՝ 32 օր շարունակ կամ 32 անգամ կատարել է նույն խախտումը»,- ֆեյսբուքյան լայվի ժամանակ պարզաբանել էր Ստեփան Սաֆարյանը։ 

Ի դեպ, Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը այսպես են ներկայացրել ՍԴ դատավոր Ս. Սաֆարյանի կատարած ենթադրյալ խախտումը. «2022թ. դեկտեմբերի 5-ին դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելով, այնուհետ այդ բողոքը շտկելով և դեկտեմբերի 28-ին կրկին ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը ուղիղ իրականացրել է ներկայացուցչություն, այսինքն՝ փաստաբանական գործունեություն, որն արգելված էր իրեն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի»,-մասնավորապես նշել են  նրանք: Մինչդեռ, ըստ սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի, դատարան արդեն իսկ ներկայացված վերաքննիչ բողոքին կտրոն կցելն ու նորից դատարան ուղարկելը չի ենթադրում փաստաբանական ծառայության մատուցում՝ վստահորդի շահերի ներկայացում։ «Փաստաբանության մասին» օրենքը սահմանում է իրավաբանական օգնություն ցույց տալու մի շարք ձևեր, որոնցից և ոչ մեկը Սեդա Սաֆարյանը չի մատուցել իր վստահորդներին։ Մասնավորապես՝ իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խորհրդատվության տրամադրում, դիմումներ, բողոքների, գանգատների, միջնորդությունների և իրավական բնույթի այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց նախագծերի կազմում, որպես վստահորդի ներկայացուցիչ քաղաքացիական և վարչական դատավարությանը մասնակցություն և այլն։ Բացի դրանից, «Փաստաբանության մասին» օրենքը, ըստ Խալաթյանի, վերաբերում է փաստաբաններին, իսկ Ս. Սաֆարյանն այլևս փաստաբան չէ, հետևաբար նրա վարքագծի գնահատումը «Փաստաբանության մասին» օրենքի շրջանակներում «իրավական անգրագիտություն» է։ 

Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, ապա, ըստ Խալաթյանի. «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը դա ԱՁ բացել-փակելը չէ, ինչպես ֆորմալիստական առումով ներկայացնում են ոմանք։ Մարդ կարող է իր անունով մի քանի ՍՊԸ ունենալ, բայց դրանից և ոչ մեկը չաշխատի։ Ձեռնարկատիրական գործունեությունը սեփական ռիսկով իրականացվող գործունեություն է, որի նպատակն է ապրանքների վաճառքից, ծառայությունների մատուցումից, աշխատանքի կատարումից շահույթ ստանալը։ ԱՁ բացելը զուտ պետության հետ հարաբերվելու եղանակ է, և պետական ռեգիստրում բաց ԱՁ ունենալը դեռ չի նշանակում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»։ 

ՍԴ մասին օրենքը, նշենք, ևս արգելում է ՍԴ դատավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, գործունեության ձև, որով Սեդա Սաֆարյանը չի զբաղվել ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելուց հետո։ Խալաթյանի խոսքով՝ այս ամբողջ պատմությունը մեկ նպատակ ունի՝ աղմուկ բարձրացնել Սեդա Սաֆարանի անվան շուրջ, այն հաշվարկով, որ այդ աղմուկի ունկնդիրները օրենքից ու իրավունքից բան չեն հասկանում և չեն փորձի բացահայտել իրավական այս աճպարարությունը։ 

Նշենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն արձագանքելով Սեդա Սաֆարյանի անվան շուրջ այս պատմությանը՝ մամուլում հրապարակված նյութերին, նշել էր՝ նրա արարքի մեջ հանցակազմ չկա։ Դատախազությունից «Ազատությանը» փոխանցել են, թե դրանցով չի փաստվում որևէ արարք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքի որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ուստի որոշվել է քրեական վարույթ չնախաձեռնել։ 

Այժմ անդրադառնանք այն աղմկահարույց գործին, որով Սեդա Սաֆարյանը որպես փաստաբան է հանդես եկել։ Խոսքը 2004-ին տեղի ունեցած՝ Վարդենիս քաղաքի 16-ամյա բնակչուհի Սյուզաննա Սարգսյանի սահմռկեցուցիչ սպանության մասին է։ Տուժողի մարմինը հայտնաբերվել էր մազութի բետոնապատ հորում, որը 1,5 մետր խորությամբ ջրով է լցված եղել, սպանության մեջ մեղադրվում են տուժողի դասընկերուհու ծնողները՝ Նարինե և Բագրատ Նալբանդյանները: 2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, իսկ Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Այս գործով օրինական ուժ ստացած, ի կատար ածված դատավճիռը բեկանվեց այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշում կայացվեց ընդդեմ ՀՀ-ի: Ըստ Եվրոպական դատարանի որոշման՝ սպանության մեջ մեղադրվող Նալբանդյան ամուսինների ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Խախտվել է նաև Նալբանդյանների արդար դատաքննության ու դատական մարմիններում պաշտպանության իրավունքը: Եվրադատարանը պարտավորեցրել է ՀՀ-ի ամուսիններին վճարել 62 հազար եվրո փոխհատուցում: Մեղավոր ճանաչված ամուսինները պնդել են, թե մոտ տասը տարի անցկացրել են ճաղերի հետևում՝ ուրիշի փոխարեն: Մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինների բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2015-ին մասնակիորեն բավարարվելուց հետո 2016 թվականին Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել

Ելենա Ազատյան