Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկում ենք չմասնակցել Արցախի հարցով «Հայաստան» դաշինքի հայտարարության տեքստի քվեարկությանը. Մարիա Կարապետյան

Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել:

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խորհրդարանին առաջարկեց  չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանը:

 «Միայն այն ձևակերպումը, ըստ որի՝ կրկին Լաչինի միջանցքի արգելափակման համար պատասխանատվության բաժին է սահմանվել ՀՀ-ի համար, կարող էր հիմք հանդիսանալ տեքստը մերժելու համար»,- նշեց Մարիա Կարապետյանը: 

Նրա խոսքով՝ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ. «Հաշվի առնելով հարցի կարևորությունը, ինչպես նաև երկու նոր հանգամանքները՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը, կարելի էր ընդունել ԱԺ նոր հայտարարության տեքստ՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնել այս նոր բաղադրիչները»:

Քանի որ շատ հարցերում համակարծիք են, պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկ են արել «Հայաստան» դաշինքին՝ փորձելով գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, ինչը, սակայն, չի ընդունվել: 

«ԱԺ հայտարարությունը Ալիևին ոչ զսպելու է, ոչ էլ սադրելու: ԱԺ հայտարարությունը ուղերձ է միջազգային հանրությանը, և այս հարցում մենք կարող ենք ջանալ ձեռք բերել աջակիցներ և կարող ենք լինել անընկալելի, անըմբռնելի միջազգային հանրության համար»,- ամփոփեց Մարիա Կարապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում