Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք դեռ շատ կլսեք մարդկանց, ովքեր սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա ու հարստացել են բանակի հաշվին․ Վահագն Ալեքսանյանի արձագանքը՝ Գեղամ Մանուկյանի կազմակերպած «բաց դասին»

ԱԺ այսօրվա նիստին ներկա էին և լրագրողների համար նախատեսված սրահից հետևում էին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը որոշեց հայրենասիրության, խաղաղասիրության «բաց դաս» կազմակերպել աշակերտների համար՝ ԱԺ ամբիոնն օգտագործելով նաև իրեն որպես տարածաշրջանի թիվ մեկ «խաղաղությունագետ» ներկայացնելու համար։ Խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ ՀՅԴ-ական, «մահ իմացեալ անմահություն է» թեզի ջատագով Մանուկյանը խրոխտ ազդարարեց․ «Եթե մի քիչ՝ ձեր դպրոցի անունը կրող Աշոտ Նավասարդյանին և նրա նման նվիրյալներին ուսումնասիրեք, պարզ կդառնա, որ նրանց պատկերացմամբ խաղաղությունը չեն մուրում, նրանց պատկերացմամբ թշնամու ամեն հարձակումից հետո պետական պաշտոնյաները թութակի պես չեն կրկնում «խաղաղություն», խաղաղությունը ձեռք են բերում։
Խաղաղության համար պետք է ուղեղով աշխատել, խաղաղաության համար պետք է չսողալ, պետք է թիկունքը պինդ, ուժեղ պահած կանգնել։ Եւ խնդրում եմ, ամեն անգամ երբ որ այս շրջանում լսեք ՀՀ-ի պետական պաշտոնյաներից «խաղաղություն», «խաղաղության դարաշրջան Ադրբեջանի հետ», «Թուրքիայի հետ եղբայրության» եւ վերջապես «խաղաղ տարածաշրջան» բառերը, նորից խնդրեք ձեր ուսուցիչներին վերաուսումնասիրել, վերընթերցել Աշոտ Նավասարդյանին։ Այդ դեպքւոմ ձեր սերունդը, իրոք, մեր երկրին կբերի արժանապատիվ խաղաղություն, չի թողնի, որ մեր երկրի տարածքները մնան օկուպացված, չի թողնի, որ Արցախը լինի օկուպացված, որ որևէ իշխանությունը Արցախին ուղղակի հրեն թշնամու գիրկը»։  

Գեղամ Մանուկյանի ելույթին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորեց՝ «մենակ մի ջղայնացեք»։

Ալեքսանյանը ժպիտով արձագանցեց հորդորին՝ չջղայնացավ, սակայն նրա ելույթը ջղայնացրեց, եթե չասենք՝ ափերից հանեց  «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների՝ Գեղամ Նազարյանին, որը սկսեց տեղից գոռալով ինչ-որ տեքստ արտաբերել,  Ասպրամ Կրպեյանին եւ այլոց։ Դիմելով աշակերտներին և ուսուցիչներին՝ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց․ «Ես վստահ եմ, որ դուք դեռ շատ կլսեք մարդկանց, ովքեր սովորաբար սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա, ովքեր քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին։ Դուք շատ կլսեք մարդկանց, ովքեր փաստաբաններն են իրենց շեֆերի, էն շեֆերի, ովքեր ծակ գրպաններով եկել են Երևան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր եւ միլիարդատերեր են»։ Ասպրամ Կրպեյանը տեղից նետեց՝ «դատեք», ի պատասխան Ալեքսանյանը հակադարձեց․ «Տիկին Կրպեյան, դատում ենք, եթե չեք նկատել, շատ ենք դատում, օրական 4-5 հայցադիմում է գնում դատարան ձեր թիմակիցների ապօրինի գույքի հետ կապված։ Պարոն Արծվիկ Մինասյան, խնդրում եմ նկարագրեք՝ դուք նախարար եք եղել, ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ոնց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակով ա՞»։

Շարունակելով Գեղամ Նազարյանի և «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորների՝ տեղից նետած ջղագրգիռ ռեպլիկների պատճառով ընդհատված ելույթը՝ Ալեքսանյանն այնուհետ հայտարարեց․ «Պարոն Նազարյան, ասում եք՝ հիմա ու՞մ ա պատկանում Հովիկ Աբրահամյանի տունը, որքան ես եմ տեղյակ, պատկանում է մի մարդու, ով երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, ՀՀ ոչ վարչապետ է եղել, ոչ նախարար։ Այդքանն, ինձ թվում է, հերիք է։ Վերադառնալով բուն հարցին՝ սիրելի աշակերտներ, ձեզ ասում են, որ իրենք արժանապատիվ խաղաղության կողմնակիցներ են, այդ արժանապատիվ խաղաղության կողմնակիցները, միշտ իմացեք, էստեղ այսպես խոսել են ու գնացել են դրսում, օրինակ, նույն ընդհանուր պետության գաղափարով խոստացել են, բանակցել են, որ Արցախի քաղաքացիները պետք է ստանան ադրբեջանական անձնագրեր, բայց եկել են այստեղ, լրիվ հակառակն են ասել։ Որ էսպես խոսում են խաղաղության դեմ, խոսում են խաղաղություն մուրալու մասին, փոխանակ բանակը զարգացնեն, զենք գնեն, իրենք են հարստացել։ Ու ես ձեզ խնդրում եմ՝ ձեր կյանքի ցանկացած փուլում երբ տեսնեք, որ պետական պաշտոնյան հղփանում է այնքան, որ ոսկեզօծ պատերի մեջ է սկսում ապրել, արեք այն, ինչը որ պետք է անել»։ 

Ջղայնացած պատգամավորներին, ի դեպ, ԱԺ փոխնախագահը զրկեց նիստի ընթացքում ձայնի իրավունքից՝ հորդորելով հարգանք ունենալ նիստին ներկա երեխաների ու ընդհանրապես ժողովրդի նկատմամբ։  

Հեղինե Մանուկյան