Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեզ կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ, որոնց պատճառով ՀՀ-ն այսօր հայտնվել է այս վիճակում. Հայկ Կոնջորյանը՝ աշակերտներին

Ռոբերտ Քոչարյանը բանակցել է ընդհանուր պետության կոնցեպտի շուրջ, համաձայն որի՝ ԼՂ-ն պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ԼՂ հայերին պետք է տրվեին ադրբեջանական անձնագրեր: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ հերթական նիստում, հակադարձելով ընդդիմության ելույթներին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և հավելեց. «Հայտնի է նաև ԼՂ-ն Մեղրիի հետ փոխանակելու Ռոբերտ Քոչարյանի հայտնի տխրահռչակ ծրագիրը: Այսինքն՝ հիմա դուք եկել եք և ուզում եք խմբագրել պատմությունը՝ այն հաշվարկով, որ մարդիկ ձկան հիշողություն ունեն. մի թերագնահատեք մեր ժողովրդին: Բոլորին էլ հայտնի է, որ ձեր, ձեր ղեկավարի, Հայաստանը 20 տարի ղեկավարած իշխանությունների խաղադրույքը եղել է հետևյալը. Արցախի հարցը օգտագործել իշխանությունը վերցնելու և պահելու համար»:

Դիմելով նիստերին հետևող Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտներին՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Սիրելի աշակերտներ, դուք ակամա հայտնվեցիք այսօրվա իշխանություն-ընդդիմություն բանավիճային խրախճանքի հորձանուտում: Պարոն Մանուկյանը ձեզ կոչեր էր անում, թե ինչպիսին լինել և ինչպիսին չլինել, ես ձեզ կոչ եմ անում լինել ձեր պետության ազնվաբարո քաղաքացիներ և առաջին հերթին չլինել կաշառակեր, չլինել գող և ավազակ, ինչպես որ տարիներ և տասնամյակներ շարունակ եղել են այն մարդիկ, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է այս վիճակում»:

Հայկ Կոնջորյանը աշակերտներին տեղեկացրեց, որ Հովիկ Աբրահամյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք և 21 մլրդ դրամի չհիմնավորված հաշվի մնացորդ. «Դրանք թվեր են, որ ձեզ շատ բան չեն ասի, երեխեք ջան, բայց էդ գումարով ձեզ համար և մյուս աշակերտների համար կարելի էր հարյուրավոր դպրոցներ, հազարավոր լաբորատորիաներ կառուցել, էնպես անել, որ կրթությունը լինի 21-րդ դարին համապատասխան: Էս թվերը լսելուց հետո, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, տպավորություն է, թե ինչպիսի հիանալի իշխանություն են եղել, մի վճիտ անձնավորություն»:

Մանրամասն՝ տեսանյութում