Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լավրովի կողմից ղարաբաղցիների իրավունքներից խոսելն ու օրինակներ բերելը որքանո՞վ է համաձայնեցված Ադրբեջանի հետ, նա օրերս Բաքվում էր». կարծիքներ

«Լավրովի կողմից ղարաբաղցիների իրավունքներից խոսելն ու օրինակներ բերելը որքանո՞վ է համաձայնեցված Ադրբեջանի հետ, նա օրերս Բաքվում էր». կարծիքներ
Քաղաքականություն
18:21, 21 март 2023
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ մարտի 20-ին, ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համեմատել է տարիներ առաջ Դոնբասի բնակիչների իրավունքների, ինչպես նաև Կոսովոյի սերբական համայնքի իրավունքների հետ։ Մասնավորապես Լավրովը հիշատակել է «Մինսկի համաձայնագրերը», ըստ որոնց՝ Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերի բնակիչները պետք է ունենային տեղական ինքնակառավարման լիազորությունների ընդլայնում, մայրենի լեզուն պահպանելու՝ երեխաներին այդ լեզվով կրթություն ապահովելու իրավունք, այդ լեզուն օգտագործելով ապրելու, աշխատելու, սեփական մշակույթը և կրոնը պահպանելու իրավունք։ Լավրովն ընդգծել է՝ միայն թե Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։  

ՌԴ արտգործնախարարը նաև օրինակ է բերել Կոսովոյի սերբական համայնքի իրավունքները, երբ Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնագրեր էին կնքվել Կոսովոյի սերբական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու՝ սերբերի լեզուն, կրթությունը, կրոնը պահելու մասին, ինչպես նաև տնտեսական բնույթի հատուկ հարաբերությունների ապահովում Սերբիայի հետ: 

Լավրովի խոսքով՝ ղարաբաղցիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի: 

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լավրովի խոսքին՝ նշեց, որ ՌԴ արտգործնախարարը շոշափում է և ինքնորոշման, և տվյալ պետության մեջ մարդու իրավունքները հարգելու իրավունքը. «Դա կարելի է պատկերացնել երկու կերպ. կամ որևէ պետության ներսում որպես համայնք է հանդես գալիս տվյալ ազգը՝ ինչպես 2014թ.-ից մինչև նախորդ տարի Դոնբասն էր, երբ դե յուրե գտնվում էր Ուկրաինայի կազմում, բայց դե ֆակտո անկախացել էր։ Իսկ երկրորդ ասպեկտը մարդու իրավունքների բլոկն է, այսինքն՝ մարդու հիմնարար իրավունքները, տեղաշարժման իրավունքները, անվտանգությունը, որոնք պետք է հարգվեն»։   

Արա Ղազարյանը մեկնաբանելով Դոնբասի օրինակը՝ ընդգծեց, որ Դոնբասը սկսել է ինքնորոշման իրավունքով և ի վերջո միացել Ռուսաստանին։ 

Միջազգային իրավունքի մասնագետը հիշատակեց նաև Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե Ադրբեջանի կազմում կապահովեն արցախցիների իրավունքները։ 

Արա Ղազարյանի խոսքով՝ տվյալ պետության մեջ փոքրամասնություն կազմող ազգի իրավունքները պաշտպանելու համար մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերը սպառիչ են. «Ղարաբաղը ԵԽ-ի տարածք է, և մարդու իրավունքները երաշխավորող փաստաթղթեր շատ կան ու սպառիչ են։ Ինքնորոշման իրավունքը, ի դեպ, նույնպես մարդու իրավունք է՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 1-ին հոդվածը հենց խոսում է դրա մասին։ Իսկ ՄԱԿ-ի փաստաթուղթը խոսում է մարդու իրավունքների մասին և մարդու իրավունքի կոնտեքստում խոսում է ազատ ինքնորոշման իրավունքի մասին»։  

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն էլ մեզ հետ զրույցում նախ հարցադրում արեց՝ այն, ինչ հնչեցրել է Սերգեյ Լավրովը, Ադրբեջանը դրան համաձա՞յն է. «Սերգեյ Լավրովի հնչեցրած տեսակետը պետք է համեմատել միայն մեկ առումով՝ որքանո՞վ է նրա հնչեցրած խոսքը համաձայնեցված Ադրբեջանի հետ։ Փետրվարի վերջին Սերգեյ Լավրովը գտնվել է Բաքվում, և արդյոք այդ հարցերը նա Իլհամ Ալիևի հետ քննարկե՞լ է»։ 

Ընդգծենք, որ չնայած ԼՂ հիմնախնդրի շուրջ հնչող առաջարկներին, ինչպես նաև ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով դեռևս շարունակվում է հակահայ քաղաքականությունը։ 

Նարա Մարտիրոսյան