Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն այն պետությունը չէ, որը կարող է արհամարհել միջազգային հանրության կոչերը․ սա նշանակում է՝ իրական քաղաքականության մեջ կան համաձայնություններ. քաղաքագետ

Ադրբեջանն այն պետությունը չէ, որը կարող է արհամարհել միջազգային հանրության կոչերը․ սա նշանակում է՝ իրական քաղաքականության մեջ կան համաձայնություններ. քաղաքագետ
Քաղաքականություն
18:23, 22 март 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել վերջին փոփոխություններով հայկական կողմին ներկայացված խաղաղության պայմանագրի օրինակը։ Մինչդեռ ՀՀ վարչապետը ադրբեջանական կողմից ներկայացված վերջին փոփոխություններում ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերելու փորձեր է տեսնում Ադրբեջանի կողմից, այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Եվ ըստ այդմ՝ ՀՀ վարչապետն իր վերջին ասուլիսում շեշտել էր, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի այն օրինակը, որը Հայաստանն իր դիտարկումներով ներկայացրել է Ադրբեջանին։ 

Արդեն չորրորդ անգամն է, որ պետք է հայկական կողմից մշակումների ենթարկվի խաղաղության պայմանագրի տեքստը։ Սակայն Հայաստանը պատրաստ է ստորագրել իր մշակած տարբերակը, իսկ Ադրբեջանը՝ իր առաջարկածը։ Այս պայմաններում ինչքանո՞վ է հավանական կնքել խաղաղության պայմանագիր։ 

Civic.am-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշեց, որ դա, անշուշտ, չէր լինելու կարճ ժամանակահատվածի գործընթաց. «Մենք գիտենք Ադրբեջանի մոտեցումներն ու մեր մոտեցումներն ու շահերը և դրանց միջև իրարամերժությունը։ Եվ զարմանալի չէ, որ այդ փուլերը 4-ը կամ ավելին լինեն, առավել ևս մենք տեսնում ենք, որ այդ փուլերի մշակումը տեղի է ունենում հեռակա կարգով՝ փոխանցումներով»։

Հակոբ Բադալյանի տեսանկյունով՝ այս ամենին առավել բարդացնող հանգամանք է այն, որ տեղի է ունենում աշխարհում ուժային կենտրոնների միջև ոչ պակաս թեժ պայքարի պայմաններում, իսկ այդ ուժային կենտրոնների պայքարի թիրախ է նաև Կովկասը. «Կովկասում այդ ազդեցության համար պայքարն ավելի ինտենսիվ և լարված է դառնում, և գործիքներից, թիրախներց մեկը հենց հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Այս պայմաններում բարդ է պատկերացնել, որ կարելի է օպտիմալ ձևով աշխատել որևէ խաղաղության պայմանագրի շուրջ, երբ ամեն ինչ քանդվում է միջազգային հարաբերությունների համակարգում»։ 

Քաղաքական մեկնաբանը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի կնքումը փակուղի տանելու միտում չի տեսնում, նշեց՝ բավական է Հայաստանն ու Ադրբեջանը պաշտպանեն սեփական շահերը, և իրավիճակը կգնա փակուղի։ 

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում։ Թե ինչպես է իրագործվելու այդ օգնությունը, արդյոք միայն ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումների կազմակերպումը կարելի է՞ օգնություն դիտարկել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Բոլորը խոսում են այդ պատրաստակամության մասին, բայց կան ռազմավարական շահեր այդ խոշոր խաղացողների միջև։ ԱՄՆ-ի առաջնորդությամբ Արևմուտքը փորձում է Կովկասում թուլացնել Ռուսաստանի, Իրանի դիրքերը և ձևավորել իրավիճակ, որը երկարաժամկետ առումով կզսպի Չինաստանի հավակնությունները։ Իսկ հակառակ կողմն էլ բնականաբար փորձում է դիրքերը պահպանել, ամրացնել։ Եվ այս պայմաններում ես չեմ կարծում, թե որևէ մեկի համար առանցքային նպատակ է հայ-ադրբեջանական հակամարտությունը, այն դիտվում է գործիք այդ խնդիրը լուծելու համար։ Եվ եթե այդ գործիքը այդ խնդրի լուծման տրամաբանության շրջանակում պահանջի ապակայունացում, ապա ես կարծում եմ, որ խաղաղության մասին խոսակցությունների ներքո իրական քաղաքականության դաշտում խթանվելու են գործընթացներ, որոնք կապակայունացնեն իրավիճակը»։

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ պարզ չէ, թե ԱՄՆ-ն, խոսելով օգնության մասին, ի՞նչ բովանդակություն է ենթադրում: «Սրանից է կախված, թե ինչքանով գործ ունենք իրականում խաղաղությանը նպաստող մտադրությունների, քայլերի հետ։ Օրինակ՝ Ադրբեջանը շարունակաբար կատարում է քայլեր՝ ռազմական շանտաժի տեսքով, կամ օրինակ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, որը ևս ռազմական շանտաժ է, և այդ քայլերի նկատմամբ տեսնում ենք միջազգային լոյալություն։ Հնչում են կոչեր՝ բացելու միջանցքը, բայց Ադրբեջանն արհամարհում է այդ կոչերը։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այն պետությունն է, որ կարող է արհամարհել այդ կոչերը։ Սա նշանակում է, որ իրական քաղաքականության ռեժիմում տեղի են ունենում պայմանավորվածություններ, համաձայնություններ»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ չկա իրական գործնական նպատակ՝ ազդելու Ադրբեջանի վրա և ստիպելու, որ նա կատարի, օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պայմանավորվածությունները։ 

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Հայաստանի գլխավոր անելիքը ոչ թե Ադրբեջանի հետ աշխատելն է, այլ առանցքային դերակատարների հետ աշխատելը, որոնք համաշխարհային պատերազմի մեջ են միմյանց հետ ու Կովկասը դիտարկում են ազդեցության համար պայքարի թիրախ և հայ-ադրբեջանական հակամարտությունը դիտարկում են այդ պայքարում որպես իրենց գործիք։

Առանցքային դերակատարներ ասելով քաղաքական մեկնաբանը նշեց, որ նկատի ունի  նվազագույնը Մինսկի խմբի համանախագահ երկրներին. «Աշխատանք է պետք թե ՌԴ-ի, թե ԱՄՆ-ի հետ, և այս ամենի հիմքում պետք է լինի այն, որ Հայաստանը մտադրություն չունի դիրքավորվել որևէ մեկի ճամբարում։ Ինչպես նաև մեր ներքին կարողությունների ուժեղացումն է պետք, Ադրբեջանի հետ բալանսի վերականգնումը, որովհետև դա է նպաստելու, որ Ադրբեջանը հրաժարվի տնտեսական առավելությունը քաղաքական պայմաններ թելադրելու միջոց դարձնելուց»։ 

Արդյոք ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին և Իրանին թուլացնելը նպաստավո՞ր կլինի Հայաստանի համար։ Հակոբ Բադալյանը սա բավական ռիսկային հանգամանք է դիտարկում. «Թուլացնելու միջոց կարող է դիտվել հենց փակուղի ստեղծելն ու անկայունություն խթանելը, որովհետև այսօր շատ պարզ է, որ Կովկասում կայունության հանդեպ Հայաստանից և Վրաստանից բացի, հաջորդ գերզգայուն խաղացողները ՌԴ-ն և Իրանն են։ Եվ այստեղ կան մեծ ռիսկեր, և մենք պետք է դիվանագիտական արդյունավետ աշխատանք կատարենք այդ ռիսկերով շահագրգռված այն խաղացողների մոտ, որոնց համար Կովկասի ապակայունացումը լինելու է միջոց ՌԴ-ի և Իրանի դեմ։ Եվ միևնույն ժամանակ պետք է աշխատենք այն խաղացողների հետ, որոնք շահագրգռված են Կովկասի կայունությամբ, և դրանք միայն ՌԴ-ն ու Իրանը չեն»,- ասաց քաղաքական մեկնաբանն ու նշեց, որ Կովկասը պետք է դիտարկել ավելի լայն՝ մերձավորարևելյան համատեքստում. «Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը մարտի սկզբին մասնակցեց Արաբական պետությունների լիգայի՝ արտաքին գործերի նախարարների հավաքին և փորձում է այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարել, որովհետև կարող ենք ունենալ Կովկասի կայունության դաշնակցային ռեսուրս։ Շատ կարևոր է նաև Իրան-Սաուդյան Արաբիա կարգավորումը, որը ևս Կովկասի կայունությանը նպաստող գործոն կարող է լինել»։ 
 
Նարա Մարտիրոսյան