Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա ակնհայտ անհիմն նախագիծ էր․ գտնվելով որոշակի թիրախավորված վիճակում՝ Սաֆարյանը մարդկանց շահերը պաշտպանել է». փաստաբանը՝ Սեդա Սաֆարյանի դեմ ընդդիմության ներկայացրած նախագծի մասին

«Դա ակնհայտ անհիմն նախագիծ էր․ գտնվելով որոշակի թիրախավորված վիճակում՝ Սաֆարյանը մարդկանց շահերը պաշտպանել է». փաստաբանը՝ Սեդա Սաֆարյանի դեմ ընդդիմության ներկայացրած նախագծի մասին
Քաղաքականություն
16:47, 22 март 2023
«Հայաստան» խմբակցությունը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ներկայացրել էր որոշման նախագիծ, որն ԱԺ այսօրվա նիստում չընդունվեց։  

Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը ներկայացված նախագծի վերաբերյալ՝ փաստաբան Գևորգ Դավթյանն ասաց, որ դա ակնհայտ անհիմն նախագիծ էր։ 

«Իրենք նշում  են, որ իբր թե դեկտեմբերի 28-ին, եթե չեմ սխալվում, այսինքն՝ այն ժամանակ, երբ որ Սեդա Սաֆարյանն արդեն  նշանակված է եղել ՍԴ դատավոր, նա իրականացրել է ներկայացուցչություն, որովհետև վերաքննիչ բողոք է ներկայացրել, բայց իրականում դրա տակ շատ այլ փաստական հանգամանքներ կան, որոնք նրանք չեն նշում կամ նշում են՝ փորձելով դրանք մանիպուլացնել։ Պետք է հասկանալ՝ ինչ բան է ներկայացուցչություն ապահովելը, որովհետև վերաքննիչ բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Սեդա Սաֆարյանը չի եղել ՍԴ դատավոր, չի ստանձնել իր պարտականությունները, հետևաբար չկա որևէ արգելք նրա կողմից, որպեսզի համապատասխան փաստաթուղթը ներկայացնի։ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է՝ ասելով, որ բողոքի օրինակը չեք ուղարկել կողմին, ոչ թե բողոքի մեջ փոփոխության խնդիր է եղել։ Օրենքով, երբ որ անձը հանրային ծառայությունների պաշտոն է զբաղեցնում, տվյալ դեպքում՝ ՍԴ դատավորի, ինքը պաշտոնը ստանձնելուց հետո իրավունք չունի այլ գործունեությամբ զբաղվելու, անգամ ներկայացուցչություն կատարելու։  Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում որևէ փոփոխություն ներկայացված չէ բացարձակ, այսինքն՝ բովանդակային որևէ ծառայություն չի  մատուցվել, տեխնիկական հարց է»,- ասաց Գևորգ Դավթյանը։

 Փաստաբանը նշեց, որ ակնհայտ անհիմն է նաև այն եզրակացությունը՝ մասնագիտական որոշակի տիրույթում, որ ասում են՝ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Փաստաբանի խոսքով՝ ձեռնարկատիրական գործունեությունը հստակ սահմանված է՝ շահույթ ստանալու նպատակով հետապնդվող գործունեություն. ինչպե՞ս կարող է  գործունեությունը դիտվել ձեռնարկատիրություն, երբ որևէ փաստ դրա վերաբերյալ չկա։   

«Եթե մարդը վերաքննիչ բողոք է ներկայացրել, էդ որտեղի՞ց է  երևում, որ դա ձեռնարկատիրություն է, թե՞ այն հանգամանքը, որ, ենթադրենք, անհատ ձեռնարկատիրոջ գրանցում ունի։ Հա, ի՞նչ անենք, անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը կարող է լինել, բայց դա դեռևս չի նշանակում, որ նա իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, որովհետև ձեռնարկատիրական գործունեությունը դրսևորվում է որոշակի քայլերի կատարումով, որին պետք է հետևի շահ ստանալը, որի վերաբերյալ ՊԵԿ-ում ներկայացվում են համապատասխան հաշվետվություններ»,- ասաց Գևորգ Դավթյանը։  

Վերջինս նաև նշեց՝ քանի որ գործ ունենք ընդդիմության գործունեության հետ, ապա կարծում է, որ ցանկացած հարաբերության մեջ քիչ թե շատ ծանոթ կամ հեղինակավոր անձը եթե որոշակի, թեկուզ կասկածելի, թեկուզ տեխնիկական ինչ-որ խնդիր է առաջացնում, ընդդիմությունը դա փորձում է որպես փաստ ներկայացնել և իշխանության դեմ օգտագործել։  

«Այսինքն՝ ընդդիմանալ, որ տես՝ քո նշանակած կադրը այսպիսի խախտում է անում, որը այս նշանակությունն ունի։ Այսինքն՝ ընդհանուր քաղաքական իմաստով այդ ձևով է որոշում ընդդիմանալ։ Կամ որպես զուգահեռ անցկացնեմ պարեկների օրինակը։ Մեկ-երկու պարեկ ենթադրյալ հանցանք է կատարել կամ վարչական զանցանք կատարել, այն  ինչ որ կա, հենց մենակ դա կարող են վերցնել ու վերցնում են ու ասում՝ տեսեք, բա ասում էիք այս իշխանությունը լավն է, սա իր կողմից նոր ձևավորված համակարգն է։ Եթե կա խնդիր, թիրախավորում են, բայց իրականում ցանկացած հարաբերության մեջ՝ անկախ իշխանության իդեալական կամ ոչ իդեալական լինելուց, դրանք անխուսափելի են լինելու, որովհետև անձը պատասխանատվություն է կրում իր անձնական արարքի համար։ Հիմա անձը կարող է զբաղեցնել բարձր պաշտոն, բայց կատարել իրավախախտում, նա արդեն անձնական պատասխանատվություն է կրում։ Բայց դա վերագրել, որ դրա պատասխանատուն իշխանությունն է, ճիշտ չէ»,- ասաց մեր զրուցակիցը: 

Բնութագրելով նաև Սեդա Սաֆարյանին որպես իր նախկին գործընկեր՝  Գևոգ Դավթյանն ասաց, որ Սեդա Սաֆարյանի հետ մի քանի միջոցառումների ժամանակ է առնչվել, նաև ծանոթ է նրա հանրային գործունեությանը և բավականին դրական վերաբերմունք ունի նաև մասնագիտական առումով։ 

Փաստաբանի խոսքով՝ մասնագիտականը ենթադրում է նաև մարդկային որակներ, որովհետև փաստաբանը պետք է նախ մարդկային բարձր որակներ ունենա, և Սեդա Սաֆարյանը, իր գնահատմամբ, դրան համապատասխանում է։

«Իր մոտ լինում էին այնպիսի թիրախավորված գործեր, որ միգուցե շատերը խուսափեին այդպիսի գործեր վերցնելուց, դա հենց փաստաբանին հարիր գործելաոճ է, որովհետև փաստաբանը որևէ ձևով որևէ մեկից չպետք է կաշկանդվածություն ունենա։ Եթե կա իրավունքի խախտում, դիմել են ու համաձայնություն են կնքել՝ անկախ նրանից, թե ով է դիմողը, կամ ինչ թիրախում է ինքը գտնվում, նա պարտավորություն ունի ներկայացնելու այդ մարդու շահերը։ Սեդա Սաֆարյանն այդպիսի անձնավորություն է, որի նման վերաբերմունքը ես նկատել եմ մի քանի միջոցառումներում, իրավական թեմաներով քննարկման ժամանակ, լուրջ դատական բարեփոխւմների  հետ կապված քննարկումների ժամանակ, հանրային տիրույթում որոշակի դիսկուրսի մեջ մտնելով, նաև իմ գործընկերների հետ փաստացի իրականացված գործողություններով, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո կատարած իր գործողություններով, նաև դատական իրավունքով  տուժողի ներկայացմամբ։ Այսինքն՝դրանք հանրությանն  արդեն հայտնի են։ Անձը,  գտնվելով որոշակի թիրախավորված վիճակում, այսինքն՝ այդ վտանգն առնվազն առկա լինելով, ինքն իր ռիսկով վերցրել է գործը, առաջ է տարել ու մարդկանց շահերը պաշտպանել է. ինչպես կարող է այդ մարդը բացասական գնահատվել»,- նշեց փաստաբանը։

Ի հավելումն Գևորգ Դավթյանն ասաց, որ, եթե անգամ կարող են լինել որոշակի մասնագիտական թերացումներ, ինչը կարող են ունենալ բոլորը, դա չի նշանակում, որ այդ մասնագետը կարող է վատը լինել։ 

«Մասնագետի ամենակարևոր որակն, ըստ իս, հենց սկզբունքորեն, անկաշկանդ և դուխով առաջ գնալն է»,- եզրափակեց փաստաբանը։
 
Լիլիթ Թադևոսյան