Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. դրա վերաբերյալ բանակցությունները վաղուց ավարտվել են. Արարատ Միրզոյան

«Մի կողմից՝ ընթանում է բանակցային գործընթաց, մյուս կողմից՝ տեսնում ենք Ադրբեջանի էլ ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները: Այս երևույթը վերջին շրջանում էլ ավելի է սրվել: Այդ հռետորաբանությունն ու ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նորանոր խոչընդոտներ են ստեղծում»,- այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ Ալիևի վերջին հայտարարություններին առնչվող հարցին, և հավելեց, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել:

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել 2020թ. նոյեմբերի հայտարարության մեջ: Եվ մենք այստեղ պետք է կասկած հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների հարցի վերաբերյալ, այսինքն՝ ինչ իմաստ ունի ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք խախտվելու են: Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»,- ի պատասխան Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ դնելու վերաբերյալ հարցի՝ ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում