Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. վարչապետը՝ հայ զինծառայողի սպանության և Թալիշում Ալիևի ելույթի մասին

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց ԼՂ-ում բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով»,- այսօր՝ մարտի 23-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ դրան հաջորդած Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել. «Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հիմնավոր ապացույց է. այդ գյուղում հայերի տներն են քանդում և ադրբեջանցիների համար տներ կառուցում»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը:

Ինչպես ընդգծեց վարչապետը, մարտի 18-ը պետք է նշանավորեր Թալիշ գյուղում հայ բնակչության վերադարձով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալիևի մարտի 18-ի  ելույթին և ասաց. «Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ նկատմամբ և բարձրագույն պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»:

«Երեկ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին:

Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»,- ասաց վարչապետը և իր ցավակցությունը հայտնեց ժամկետային զինծառայողի մահվան կապակցությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում