Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե անվտանգության երաշխիքներ լինեն, հադրութցիները, ասկերանցիները, մարտակերտցիները կվերադառնան, Շուշի վերադառնալն է մի քիչ պրոբլեմատիկ․ «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ նախագահ

Եթե անվտանգության երաշխիքներ լինեն, հադրութցիները, ասկերանցիները, մարտակերտցիները կվերադառնան, Շուշի վերադառնալն է մի քիչ պրոբլեմատիկ․ «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ նախագահ
Քաղաքականություն / Հասարակություն
20:00, 23 март 2023
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին  արծարծել է ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու խնդիրը, որի մասին հիշատակվում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում։ (Հիշեցնենք՝ փախստականների խնդրին Փաշինյանն   անդրադարձել էր նաև օրերս ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ)։ Վարչապետն այս համատեքստում մասնավորապես նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված Թալիշ գյուղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար ապացույց է այն, որ հիշյալ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները  Ադրբեջանը քանդում է՝ դրանց փոխարեն կառուցելով ադրբեջանցիների համար նախատեսված տներ: «Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ, հիշեցնեմ, ասվում է՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»:

Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»,- մասնավորապես նշել է վարչապետը և հիշեցրել, որ  Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրած երկրների ղեկավարներից՝ ՀՀ-ից, Ադրբեջանից և ՌԴ-ից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր։   «Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,-հայտարարեց վարչապետը։ 
 
Նշենք, որ խոսքը 2020 թվականի 44-օրյա և Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով փախստական դարձած և բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող 8 ՀԿ-ների հայտարարության մասին է,  որի հեղինակները ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի ուշադրությունն էին  հրավիրել այն փաստին, որ «Ադրբեջանի իշխանությունները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը»։ Ի դեպ, այս հայտարարությանը արձագանքել են տեղահանված արցախցիների հարցերով զբաղվող հայաստանյան 6 ՀԿ-ներ և իրենց «կոնտր հայտարարության» մեջ մասնավորապես նշել․ «Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա ՌԴ  նախագահին»,- մասնավորապես նշել էին հայաստանյան ՀԿ-ներն ու խիստ դատապարտել  Արցախի իրենց գործընկերների «ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը»՝ պահանջելով  «հետ վերցնել նշված հայտարարությունը, կամ տարածել այն որպես սեփական որոշում ու տեսակետ, զերծ մնալով բռնի տեղահանված բնակչության շահերը պաշտպանող ՀԿ-ների անունից հանդես գալուց»։
 
Civic.am-ը զրուցել է Արցախի «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ-ի (հիշյալ ՀԿ-ն 8 ՀԿ-ների թվում էր) նախագահ  Սարո Սարյանի հետ։ Վերջինս ասաց, որ իրենց հայտարարությունից հետո ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակից դեռևս չեն արձագանքել, գուցե առաջիկայում լինի արձագանք։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետի հայտարարությունից հետո էլ իր հետ է կապվել ՀՀ-ում գործող «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ  նախագահ Գրիգորի Այվազյանը, փոխանակվել են կարծիքներով և դրական արտահայտվել բարձրացված խնդրի վերաբերյալ։ Ինչո՞ւ անցած երկու տարիների ընթացքում  պատշաճ ուշադրություն չի դարձվել նոյեմբերի 9-ի հայտարարության վերոհիշյալ 7-րդ կետին, ինչո՞ւ այն կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ գործընթաց չի տարվել և ինչո՞ւ են ՀԿ-ները այժմ որոշել բարձրացնել իրենց բնակության վայրեր վերադառնալու հարցն ու դիմել համապատասխան ատյաններին։  Սարյանը նախ նկատեց՝ Ադրբեջանն անտեսել է ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության խնդրո առարկա կետը, այլ իր գործողություններով խեղաթյուրել է փաստաթղթի՝ամբողջությամբ վերցված,  տրամաբանությունը։ Այնպես որ, շատ զարմանալ պետք չի, թե ինչու է փախստականների և տեղահանվածների  վերադարձի գործընթացը առկախվել։  
 
«Հիշենք մեկ տարի առաջ այս օրերին Փառուխ-Քարագլուխի օկուպացիան, դրանից առաջ՝ հայտարարության ստորագրումից օրեր անց,  Հին Թաղերի, Խծաբերդի գրավումը, որն ուղեկցվեց հայ զինծառայողների գերեվարմամբ։ Այնպես որ, չի զարմացնում, որ հայտարարության 7-րդ կետը չի կատարել։ Սակայն որքան էլ քննադատենք այդ հայտարարությունը, համարենք լավը, վատը կամ վատագույնը, միևնույն է՝ այսօր սեղանին այդ փաստաթուղթն է դրված,  դրա շուրջ պիտի աշխատենք և պահանջենք մեզ վերաբերող կետի իրագործումը»,- նշեց Սարյանը։
 
Դիտարկմանը՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց վերադարձը և համակեցությունը այն երկրի վերահսկողության ներքո,  որը ագրեսիվ, ցեղասպան քաղաքականություն է վարում, որի վերջին դրսևորումը եղավ  մարտի 5-ին, երբ  դիվերսիոն գործողության հետևանքով երեք արցախցի ոստիկան սպանվեց՝ մեր զրուցակիցն արձագանքեց․ «Նախ շեշտեմ, որ փախստականները, ներքին տեղահանված անձինք ազգային փոքրամասնություն կամ ինչ-որ հատուկ սոցիալական խումբ չեն հայ ազգի մեջ, դա մենք ենք, նույն՝ հայ ազգի ներկայացուցիչները։ Մենք այս ընթացքում բազմաթիվ զոհողություններ ենք կրել և այժմ էլ՝ Լաչինի միջանցքի շրջափակման 100 և ավելի օրերի ընթացքում, շարունակում ենք զոհողությունների գնալ, բայց շարունակել  ապրել։ Մենք խուճապի չենք մատնվել, այլ ընդհակառակը՝ մնացել ենք մեր հայրենիքում։ Մինչև բլոկադան 132 հազար բնակչություն է եղել Արցախում, վերադարձել են։ Մեր հայտարարության մեջ դիմել ենք  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին՝  կազմակերպելու, վերահսկելու մեր վերադարձն ու  անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքներ ներդնել, այդ թվում՝ աջակցել խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Եթե նման անվտանգության երաշխիքներ լինեն, հադրութցիները, ասկերանցիները, մարտակերտցիները կվերադառնան։ Շուշի վերադառնալն է մի քիչ պրոբլեմատիկ, մինչև 80-ականները այդտեղ ադրբեջանցիներ էլ են ապրել։ Հայերը, հարյուր տոկոսով, չեն համաձայնի նրանց հետ կողք կողքի ապրել։ Ինչո՞ւ, քանի որ նրանք են իրենց վարքագծով՝ մասնավորապես երեք ոստիկանի սպանությամբ, բլոկադայով,  համակեցությունն անհնարին դարձնում։ Նրանց, այսպես ասած, խասյաթը միշտ է այդպես եղել, ամեն ինչ անել, որ հայը չցանկանա իրենց կողքին ապրել։ Շուշիի հարցը, ես կարծում եմ, ուրիշ կերպ կլուծվի, պատմական մեր հայրենիքի ազատագրմամբ, որը, իհարկե, կլինի հետագայում»։

Նկատեցինք՝ երբ խոսվում է փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձի մասին, արդյոք պետք է նկատի առնել նաև  մասնավորապես Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից, ինչպես նաև՝ Գետաշենից, Շահումյանից բռնի տեղահանվածներին։  Սարյանի խոսքով․ «Մենք թուրքի մեջ ապրած մարդիկ ենք և գիտենք, որ նրանց հետ ապրելը հնարավոր չէ։ Սա պետք է իմանան աշխարհի բոլոր հայերը։  Բաքու, Սումգայիթ վերադառնալ չի լինելու։ Բաքուն, այո, եղել է մեր բնակության նախկին վայրը, հարազատ քաղաք է, բայց մեր պատմական հայրենիքը, որտեղից ցրվել ենք, Սյունիքն է և Արցախը։ Բաքվում ապրել են մեծավմասամբ (երբեմնի) սիսիանցիները, գորիսցիները։ Ինչ վերաբերում է Գետաշենի, Շահումյանի փախստականների հնարավոր վերադարձին․  մինչև 44-օրյա պատերազմը երբ խոսում էինք այդ մասին,  դա պատկերացնում էինք միայն  անվտանգության երաշխիքների ապահովման դեպքում։ Այսինքն, եթե մեր՝ արցախյան զորքը կարողանում է ապահովել մարդկանց անվտանգությունը, ապա մեծ մասը ուրախությամբ կվերադառնա»։  Սոցցանցերում ՀԿ-ների հայտարարությունից հետո տարբեր շահագրգիռ խմբեր կարծիք հայտնեցին, թե այն տարածվել է  Ն․Փաշինյանի հորդորով։

«Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ալիևի ճնշման տակ նեղ վիճակի մեջ ընկնելով, հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը։ Ինչպես միշտ դա արվում է չափազանց ուշացած»,- գրել էր ընդդիմության ներկայացուցիչներից մեկը։ Արդյոք հայտարարությունը եղել է իրենց անձնական նախաձեռնությունը, թե՞ թելադրվել է ինչ-որ տեղից՝ մեր հարցին՝ Սարյանն արձագանքեց․  «Մենք մշտապես ենք բարձրացրել փախստականության հարցը, ուսումնասիրեք մեր ֆեյբուքյան էջը և կտեսնեք, թե քանի պետիցիա ենք ուղարկել, որոնց միացել են այլ կազմակերպություններ, առանձին նամակներ ենք ուղարկել ՄԱԿ-ին, Կարմիր խաչին և այլ կառույցների։ 2020 թ․պատերազմից հետո մեր կազմակերպությունը շուրջ 12 հազար  բռնի տեղահանվածի է գրանցել։ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում արված հայտարարությունները ազդակ դարձան, որ մենք վերաթարմացնենք մեր պահանջը։ Այո՛, ընդունում եմ, որ այդ  հայտարարությունները մեզ հույս տվեցին, որ պետական մակարդակով կլինի նաև աջակցություն»,- արձագանքեց Սարյանը։ Ինչ վերաբերում է հայաստանյան  ՀԿ-ների կոշտ արձագանքին, ապա, մեր զրուցակցի  խոսքով՝  ճիշտ չէ ֆիքսվել հայտարարության այն ձևակերպման վրա, որով  «մարդասպան Ալիևից» պահանջվում է ապահովել  փախստականների և տեղահանվածների  «արժանապատիվ վերադարձը»։  «Մենք հայտարարությունը փորձել ենք  դիվանագիտական բառապաշարով շարադրել,  որպեսզի հասցեատերերը չշպրտեն, այլ  կարդան և ընթացք տան»։

Մեր զրուցակցի տվյալներով՝  2020 թվականի պատերազմի հետևանքով  տեղահանվածները շուրջ 42 հազար են։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով Հայաստանում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիների ընթացքում Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել: 
 
    
Հեղինե Մանուկյան