Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքագետներին բաժանվող փողը խրամատների փողերն են, որ չկային ու ոնց կրակում էին, զինվորներին էր կպնում»․ Էդմոն Մարուքյան

«Քաղաքագետներին բաժանվող փողը խրամատների փողերն են, որ չկային ու ոնց կրակում էին, զինվորներին էր կպնում»․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
13:47, 10 май 2021
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով երեկվա՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անցկացրած հանրահավաքին ասաց, որ ոչ մի բան չի փոխվել։ «Եթե նախկին իշխանությունները օրակարգ ունեն իշխանափոխության, ուրեմն իրենք պետք է պրոցեսից դուրս գան, որովհետև հեղափոխությունը երկրում նոր է եղել, երեք տարին կարճ ժամկետ է, և ժողովուրդը տեսնելով իրենց ակտիվ մասնակցությունը, որը, ըստ էության, արհեստականորեն ուռճացվում է, որ նախկինները վերադառնում են, այդ իմաստով դա աջակցություն է Նիկոլ Փաշինյանին։ Շատ կարևոր է, թե ինչ է առաջարկվում ժողովրդին։ Երեք տարի առաջվա հեղափոխությունը չի եղել միայն Սերժ Սարգսյանի դեմ։ Հեղափոխությունը եղել է համակարգի դեմ»։

Համակարգն է մերժվել իր բոլոր դերակատարներով։ Հիմա այդ դերակատարների մի մասը, եթե մտածում է, որ Սերժ Սարգսյանի դեմ է եղել, բայց իրենց դեմ չի եղել և իրենք կարող են մասնակցել ընտրություններին և ասել՝ «էդ իրենց եք մերժել, մենք ուրիշ մարդիկ ենք», չի լինի այդպես, որովհետև դա նույն համակարգն է։ Օրինակ մենք ի՞նչ ենք առաջարկում։ Մենք հստակ տեքստ ենք ասում։ Ասում ենք՝ ժողովուրդ, այն մարդիկ ովքեր եղել են, տեսել եք, թե ինչպես են կառավարում։ 27 տարի կառավարել են նախկինները, 3 տարի՝ Նիկոլ Փաշինյանը։ 27 տարվա դժգոհության արդյունքում դուք՝ սիրելի ժողովուրդ, արել եք հեղափոխություն, կառավարումը տվել եք Նիկոլ Փաշինյանին և այս երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ կառավարման հետ խնդիրներ ունի, ինքը չի կարողանում կառավարել։ Իսկ մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք կարող ենք դա անել և մենք դա արել ենք ձեր տվածի շրջանակներում։ Հիմա մենք ասում ենք՝ դուք տեսել եք, թե ինչ են արել, հիմա էլ տեսաք, թե ինչ արեցին։ Դուք ունեք այլընտրանք։ Կա այլընտրանք, քվերակի՛ր», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ընտրություններում առկա երկու թևերի միջև պայքարին և տարբեր քաղաքագետների, վերլուծաբանների կանխատեսումներին, որ «Լուսավոր Հայաստանը» ամենայն հավանականությամբ չի ստանա այնքան ձայներ, որքան նախորդ ընտրություններին կամ նույնիսկ չի հաղթահարի անցողիկ շեմը, Մարուքյանն ասաց, որ այդ վերլուծաբանները այնքան շատ փող են վերցրել, որ ամեն օր փողով պետք է տարբեր վերլուծություններ անեն և ասեն, որ «այ էս երկուսն են, մյուսները չկան»։ «Ինչու՞ են այդպես անում, որ ժողովրդին ասեն, որ «Ժողովորդ ջան, դու այլըտնտրանք չունես»։ Մենք ոչ մեկին փող չենք տալիս, որ վերլուծություններ անի ու ասի, որ «Լուսավոր Հայաստանը» երկրորդ տեղում է, որովհետև այդ փողը, որը ծախսվում է մյուսների կողմից, մարդիկ պետք է հասկանան, թե այդ փողը որտեղի՞ց է տրվում։ Այդ փողը ձեր երեխեքի մանկապարտեզներն է, որ տարիներով հերթ եք կանգնած, բայց ձեր երեխաները չեն կարողանում գնալ, այդ փողը խրամատներն են, որ չկար ու ոնց կրակում էին, զինվորներին էր կպնում։ Ես չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ», - ասաց Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր կոալիցիա կազմելու մասին Մարուքյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ հայտարարել է, որ կուալիցիա չի կազմելու։