Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անիում 18 տարի շարունակ համայնքի նախկին ղեկավարները խոստումներ են տվել և ոչինչ չեն արել․ մենք մարդկանց փոփոխություններ ենք առաջարկում․ ՔՊ պատգամավորները Անիի ՏԻՄ ընտրությունների մասին

Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում կայանալու են ավագանու արտահերթ ընտրություններ։  

Այս անգամ ընտրապայքարի մեջ է մտել 4 քաղաքական ուժ. «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համայնքապետի թեկնածուն Արման Սարիբեկյանն է և որը Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերին։

Վաղը քարոզարշավի վերջին օրն է։ ՔՊ-ականները այս ընթացքում ակտիվ քարոզարշավ են իրականացրել՝ այցելելով համայնքի տարբեր բնակավայրեր, հանդիպումներ ունենալով ընտրողների հետ։ Իրենց թիմի քարոզարշավին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Շիրակցի Դավիթ Առուշանյանը նշում է՝ համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, Անիում համայնքներ կան, ուր նույնիսկ խմելու ջուր չկա։ Պատգամավորը վստահ է՝ անեցիները մարտի 26-ին ճիշտ ընտրություն կանեն և եղած խնդիրները իրենց թիմը հերթով կլուծի։ Մինչ այս, ինչպես նշում է Դավիթ Առուշանյանը, համայնքը մասնակցել է սուբվենցիոն ծրագրերին, սակայն իրականացման հետ խնդիրներ են առաջացել, որոնք ուսումնասիրել է Պետական վերահսկողական ծառայությունը։ ՔՊ խմբակցության պատգամավորներից Էմմա Պալյանն էլ նշում է՝  պետությունը գումարներ տրամադրել է համայնքները զարգացնելու համար, բայց տարբեր պատճառներով այդ խնդիրները չեն լուծվել։

Պատգամավորը նշում է՝ խնդիրների գույքագրում են արել, խնդիրները բաժանել են ըստ առաջնահերթությունների և հերթականությամբ լուծելու են դրանք՝ ընտրվելուց հետո։ Ըստ պատգամավորի, մարդկանց մոտ կա հիասթափություն՝ տարիներ շարունակ խոստումներ են լսել, սակայն կատարված աշխատանք այդպես էլ չեն տեսել, սակայն իրենց հաջողվում է կոնկրետ օրինակներով մարդկանց ցույց տալ, որ ճիշտ ընտրության դեպքում իրենց համայնքը ևս կարճ ժամանակ անց դրական փոփոխություններ կարձանագրի։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անեցիներին առաջարկում է փոփոխություններ», - ասում է Դավիթ Առուշանյանը և վստահեցնում, որ իրենց կուսակցությունը, իշխանությունը կանգնած է լինելու Անի համայնքի կողքին։

Էմմա Պալյանն էլ վստահ է՝ անեցին ճիշտ ընտրություն է կատարելու և իրենց թիմը մարտի 27-ին համայնքի բնակիչների հետ մեկտեղ նշելու է հաղթանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վովա Հակոբյան