Քաղաքացիակենտրոն
լրատվություն

21-րդ դարում մարդիկ ջրի խնդիր ունեն. Անի համայնքում ընտրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը թե՛ ջրագծի, թե՛ ճանապարհների ու մանկապարտեզների խնդիրները կլուծվեն. Վահագն Ալեքսանյան

Civic.am-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

 -Պարոն Ալեքսանյան, մարտի 26-ին Անի խոշորացված համայնքում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Նախորդ տարի ընտրություններին պայքարում էին երեք քաղաքական ուժեր և որևէ մեկը՝ այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, չստացան 50 տոկոսից ավելի ձայն։ Այս ընտրություններում ի՞նչ ակնկալիք ունեք։ 

 -Մեր կարծիքն այն է, որ այս ընտրություններում կկարողանանք հավաքել բավականաչափ քվեներ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանա միանձնյա ընտրի համայնքապետ և կարողանանք կատարել այն բոլոր խնդիրները, որոնց հետ ծանոթանում ենք ամեն անգամ բնակիչների հետ շփվելիս։ Արդեն երկրորդ անգամ եմ Անի համայնքում՝ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց լուծելու հնարավորությունն առկա էր առնվազն սուբվենցիոն ծրագրերի հաստատման մեկնարկից հետո, ինչը, սակայն, չի արվել նախկին համայնքապետի կողմից, ինչն էլ , որ  արվել է՝ առերևույթ չարաշահումներով, խախտումներով ու կոռուպցիոն դրսևորումներով է արվել։ Օրինակ՝ Լուսաղբյուրում անցկացրել են ջրագիծ՝ կառավարությունը տասնյակ միլիոնավոր դրամներ է տվել, բայց փաստն այն է, որ օգտագործել են էժան, անորակ շինանյութ և այլն։ Ու փաստացի միլիոնավոր դրամները մսխվել են, իսկ մարդիկ ջուր չունեն՝ 70 տոկոսով չի աշխատում այդ ջրագիծը։ Այնինչ բավականաչափ գումար էր հատկացվել, որպեսզի որակյալ ջրագիծ լինի համայնքում։ 
 
-Դուք նշեցիք, որ հնարավոր էր բազմաթիվ խնդիրներ լուծել սուբվենցիոն ծրագրերով ինչը չի արվել։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ չի արվել։ 
 
-Դա այն հարցերից է, որ պետք է քննությունը ցույց տա։ Նոր նաև տեղեկացրեցին, որ նախկին համայնքապետը քարոզարշավային իր նյութերում տարածում է, թե 400 մլն դրամից ավելի գումար ծախսվել է 2 գյուղերի մանկապարտեզների վերանորոգման համար։ Ասեմ, որ դա բավականաչափ գումար է երկու մանկապարտեզ զրոյից կառուցելու համար՝ խոսքը 1 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումարի մասին է խոսքը, բայց այդ գյուղերը երբ գնաք ու այդ մանկապարտեզների ողբալի վիճակը տեսնեք՝ Ձեզ մոտ էլ այդ հարցը կառաջանա, թե այդ 400 մլն դրամը ո՞ւր է գնացել։

-Անիի նախկին համայնքապետը, որը մեղադրվում է չարաշահումների համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի մրցակիցն է նաև այս ընտրություններում։ Դուք այսօր շրջեցիք համայնքի բնակավայրերով, հանդիպեցիք բնակիչներին՝ ինչպիսի՞ն էր տպավորությունը, արդյոք իրականում մրցակից է հանդիսանում։ 
 
-Դրան թույլ տվեք չանդրաադառնալ, բայց, օրինակ, այսօր ամենամեծ գյուղական բնակավայրում՝ Սառնաղբյուրում էինք և շատ ոգևորիչ էր բնակիչների հետ շփումը, հրաշալի մարդիկ են և նորից ունեն չլուծված խնդիր՝ ջրագծի խնդիրը, որը կարելի էր ուղղակի քաղաքական կամք ունենալ ու լուծել. դիմել սուբվենցիոն ծրագրի համար՝ կառավարությունից ստանալ գումարի մեծ մասն ու լուծել։ Չի արվել։ Մենք այսօր Սառնաղբյուրի բնակիչներին խոստացանք, որ այդ ջրագծի խնդիրը միանշանակ պետք է լուծվի։ Մեծ, զարգացող գյուղ է և պարզագույն մի խնդիր՝ ջրի խնդիրը 21-րդ դարում չի լուծվում։ Եվ դրա համար էլ մենք Անի համայնքի բնակիչներին խնդրում ենք, որ ձայն տան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որպեսզի թե՛ ջրագծերի, թե՛ ճանապարհների, թե՛ խաղահրապարակների, թե՛ մանկապարտեզների խնդիրը լուծվի, ոչ թե միլիոնավոր դոլարները դուրս գրվեն ու գործը մնա թղթի վրա։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Նարա Մարտիրոսյան