Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան մեր թշնամին է, որը նաեւ մեր հարեւանն է․ Նիկոլ Փաշինյան

Թուրքիան մեր թշնամին է, որը նաեւ մեր հարեւանն է․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
14:05, 10 май 2021
ԱԺ-ում վարչապետի ընտրության հատուկ նիստում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե, եթե նորից ընտրվեր՝ ի՞նչ կփոխեր եւ ի՞նչն է համարում ամենամեծ ձեռքբերումը եւ ամենաառանցքային բացթողումը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր ամենամեծ խնդիրը 44-օրյա պատերազմն է եւ այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ։

«Պատերազմից հետո ես անընդհատ վերադառնում եմ 2018 թվական եւ փորձում եմ ամեն ինչ նորից դասավորել եւ չէի ասի, որ ամեն ինչ նույնությամբ կկրկնեի, բայց մեծ հաշվով Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացները, որ տեղի են ունեցել` իմ կարծիքոով 2018 թվականի ապրիլի դրությամբ անդառնալիության կետը անցել էինք եւ ես գործնականում այս մասին ամեն ինչ ասված է եւ դեռ կան նյուանսներ՝ եթե առիթներ լինեն դրանց մասին նույնպես կխոսենք», - ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ամենամեծ ձեռքբերումը այն է, որ ՀՀ քաղաքացին համարում է՝ ինքն է տերը մեր երկրի եւ դա այն նպատական էր, որի համար արվել էր ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը։

Արձագանքելով Բագրատյանի երկրորդ հարցին՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, բարեկամը, թե՞ հարեւանը. Փաշինյանն ասաց. «Թուրքիան մեր թշնամին է, որը նաեւ մեր հարեւանն է. սովորաբար թշնամիները հարեւաններ են լինում, որովհետեւ դժվար կլիներ պատկերացնել, որ հասարակածից ներքեւ գտնվող որեւէ երկիր լիներ մեր թշնամին։ Այսօր տարածաշրջանից դուրս թշնամի ունեն գերտերությունները, մնացած բոլոր դեպքերում պատմության մեջ թշնամիները հարեւաններ են.մենք ուրիշ բան ենք ասում՝ եկել է ժամանակը արձանագրելու, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի, որովհետեւ, երբ թշնամանքը եռում է՝ ի վերջո բերում է պայթյունի»։