Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն այսօր Բաքու կմեկնի․ սպասվում է հանդիպում Իլհամ Ալիևի հետ

Լավրովն այսօր Բաքու կմեկնի․ սպասվում է հանդիպում Իլհամ Ալիևի հետ
Քաղաքականություն
14:12, 10 май 2021
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ն Բաքու նախանշված այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մայիսի 10-11-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով  կմեկնի Բաքու, որի շրջանակում նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և բանակցություններ՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ռուսական կողմը վճռական է՝ շարունակելու բաց ու փոխադարձ հարգալից երկխոսությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման բոլոր ոլորտների շուրջ՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակութային, հումանիտար»։ «Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի ու 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների իրագործմանը։ Նախատեսվում է դիտարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ԼՂ հակամարտության կարգավորման հումանիտար ասպեկտները, հետկոնֆլիկտային վերակառուցման ու խաղաղ կյանքի կարգավորման հարցեր»,- նշել են ԱԳՆ-ում։ Հաղորդագրության համաձայն՝ հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումն է։ «Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում՝ ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Չմիավորման շարժման, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության հարթակներում համագործակցության կոորդինացման հարցերը»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։ Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Հայաստանում էր։

Աղբյուր՝ factor.am