Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր որ ալիքը միացնում ես, իշխանության դեմ են խոսում էն մարդիկ, ում իշխանության ժամանակ ընդդիմությունը հեռուսաեթերում հայտնվել է 5-ամյակից 5-ամյակ․ Փաշինյան. Տեսանյութ

Այսօր վարչապետի ընտրության ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրխանյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից ցանկացավ իմանալ, թե որքանով է ճիշտ, տրամաբանական կամ օրինական, որ որոշ քաղաքական ուժեր ինչպես հրապարակվում է մամուլում և լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, ձևավորել են նախընտրական շտաբներ, որտեղ աշխատանքի են ընդունում մարդկանց, որոնց թվը կարող է լինել շատ անսահմանափակ, օրինակ 10 000 մարդ, այդ թվում՝ գրանցված կարող են լինել, որոնց միակ գործը լինելու է ձայներ հավաքել, կամ ներգրավել մարդկանց և այլն, ու ստացվում է այն, ինչի մասին երկար տարիներ խոսել են շատ վատ երանգներով։

«Եվ երկրորդ քվեարկությունների գործընթացի վերահսկողությամբ հանդերձ, այնուհետև ունենալու ենք հաշվարկի պրոցես տեղամասերը փակելուց հետո, այդ պրոցեսի հանդեպ վստահությունն ինչպիսի՞ն կարող է լինել այն քաղաքական ուժերի մոտ, որոնք օրինակ չեն կարողանալու ներկայացնել 2080 տեղամասի համար առնվազն մեկական վստահված անձ»,-հարցրեց պատգամավորը։   
      
Առաջին հարցի հետ կապված վարչապետն ասաց, որ երևի այն մարմինները պետք է պատասխանեն, ովքեր ընտրական օրենսդրությանը տիրապետում են, և չմեկնաբանեց այդ թեման։ 

Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորն էլ հասկանում են, որ ձայների հաշվարկը տեղի է ունենալու  ուղիղ եթերում։

«Ես դժվար եմ պատկերացնում մի ընտրական տեղամաս, որտեղ այդ հաշվարկի պրոցեսում ֆեյսբուքյան որևէ էջով, էլ չեմ ասում որ մի քանի տասնյակ էջերով հաշվարկների պրոցես է տեղի ունենում։ Այսօր այնպիսի գործիքներ կան, որ նույնիսկ վստահված անձի ներկայությունը կամ բացակայությունը չեմ կարծում, թե մեծ հարցեր է առաջացնելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետի թեկնածուն, ասաց, որ ցանկանում է մի ինստիտուցիոնալ փոփոխության մասին խոսել,որը շատերը կմեկնաբանեն ընդդեմ իրենց իշխանության, բայց մեծ հաշվով դա շատ կարևոր,դարակազմիկ փոփոխություն է։

«ՀՀ-ում գոյության ողջ ընթացքում ընդդիմությունը հեռուստատեսություն չի ունեցել, չի եղել տենց բան մեր երկրի պատմության մեջ։

Ավելին, չի եղել, որ տեղի ունենա մի իշխանության գոյության պայմաններում հեռուստահաճախականությունների մրցույթ և այդ գոյություն ունեցող ընդդիմադիր ալիքները չփակվեն։ Չի եղել տենց բան։ Այսօր որ ալիքը միացնում ես, իշխանության դեմ են խոսում էն մարդիկ, ում իշխանության պայմաններում ընդդիմությունը հեռուստաեթերում հայտնվել է հնգամյակից հնգամյակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։